Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Ուզբեկստանի էներգետիկայի նախարար եւ փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել է, որ Տաշքենդը չի համաձայնի իր ազգային շահերը վտանգի տակ դնող քաղաքական պայմաններին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ավելի վաղ հայտարարել էր գազի ոլորտում խնդիրները լուծելու նպատակով ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի եռակողմ միություն ստեղծելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին։
«Նույնիսկ եթե Ռուսաստանի հետ կնքվի գազի համաձայնագիր, դա չի նշանակում միություն»,- ասել է Միրզամահմուդովը: Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն:
Reuters-ի տվյալներով՝ Ուզբեկստանը տարեկան արդյունահանում է մոտ 52 միլիարդ խորանարդ մետր, ներմուծում՝ 4 միլիարդ խորանարդ մետր, արտահանում՝ 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այլ երկրներից ներկրվող գազից մասամբ կախում ունեցող Ուզբեկստանում վերջին օրերին գազի խիստ պակաս է զգացվել, քանի որ ցուրտ եղանակի պատճառով սպառումն ավելացել է: Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 միլիոն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան:
Կրեմլը հերքել է
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «գազի եռյակ միություն» ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից Ուզբեկստանի հրաժարվելու մասին տեղեկությունը:
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ «Reuters-ը սխալ տեղեկություն է տվել: «Մենք գիտենք՝ ինչ է ասվել: Ոչ ոք չի խոսում քաղաքական պայմանների դիմաց գազի մատակարարման մասին: Միության ստեղծման գաղափարի համատեքստում դրա մասին խոսք անգամ չկա», — շեշտել է Պեսկովը եւ հավելել, որ խոսքը երեք երկրների՝ առեւտրային շահերից բխող գործողությունների համակարգման մասին է: