Ինչ ուզում եք, ասեք, շատ «հետաքրքիր» կառավարություն ունենք. պատասխանատվությունը միշտ ուրիշների վրա է գցում, իսկ գլուխգովանության համար խելքը իրենը չի։
Սկսենք մեր սիրելի հերոսից՝ Ազգային ժողովի նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանից։ Ուրեմն, խոսելով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանցիների սադրանքի մասին, սույն պարոնն ասում է.
«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է»:
Վերջ։ Հարցը փակված է։ Իրենք հո մեղավո՞ր չեն։ Իրենք ընդամենը աշխատանքներ են տանում, բայց դա ռուսների պատասխանատվության գոտում է։
Իսկ երբ բանը հասնում է գլուխգովանությանը (էն էլ՝ հազիվ թե հիմնավոր), ապա էստեղ նրանք մրցակից չունեն։ Լսենք նույն Սիմոնյանին, ահա՝
«…իմ՝ ռուս լրագրողների հետ հայտնի տեսանյութից հետո, ինքը (ՌԴ արտգործնախարար Լավրովը – Մ. Հ.) փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»:
Պարոնը դեռ չի հասկացել, որ ԱԺ նախագահի աթոռը КВН-ի բեմ չէ, եւ նման տափակաբանությունների վրա միայն ՔՊ-ական քծնամոլները կծիծաղեն։
Բայց, ինչպես հասկանում եք, Ալեն Սիմոնյանն այս հարցում «աննախադեպ» չէ, նա ընդամենն ընդօրինակում է իր «մեծ առաջնորդին», որը նույնպես համարում է, թե էս աշխարհում բոլորը մեղավոր են։ Իրենք ամեն ջանք գործադրում են, բայց դե …
Ահա թե ինչ է ասում աղետի գոտու տնակների մասին «մեծարգո վարչապետը».
«… դե յուրե, Հայաստանը երկրաշարժի հետեւանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն: Հաջորդը, Գյումրիում տնակները քաղաքի զարգացման ամենամեծ խոչընդոտն են… Ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Որովհետեւ հընթացս պարզվեց, որ Գյումրիի տնակներում մարդիկ են ապրում, որոնք մոտակա գյուղերում ունեն բնակարան: Պարզապես տնակ են գնել եւ բնակվում են Գյումրիում»:
Վերջ, իրենք պարտավորություններ չունեն։ Իսկ որ դեռ տնակները կան, ովքեր են մեղավո՞ր։ Դե, իհարկե, բնակիչները։ Սա նույն՝ «աղքատությունը մարդկանց գլխի մեջ է» «օպերայից» է։
Ի դեպ, աղքատության մասին։ Հայրենի կառավարությունն ամեն ինչ անում է աղքատությունը կրճատելու համար, բայց ինքը հո մեղավո՞ր չի, որ օրենքի պահանջով մարդիկ ավելի են աղքատանում։ Այսպես, պարզվում է, որ շուրջ 3 հազար ընտանիք զրկվել է 18 հազար դրամ նպաստից, որովհետեւ… թոշակները բարձրացել են երեք հազար դրամով։ Քաղաքացիները կարող են ասել՝ թոշակի 3 հազար դրամը սոցապ նախարարի գլխին տված, դրանով ձեր աշխատավարձը բարձրացրեք, իսկ մեզ համար վերականգնեք մեր 18 հազար նպաստները։
Որ ասե՞ն ինչ։ Հայրենի կառավարության տրամաբանությամբ նպաստառու-թոշակառուներն իրենք են մեղավոր։ Ո՞վ էր իրենց ասում էդքան ապրեն, թոշակի տարիքի հասնեն, որ սենց խնդիրների բախվեն։ Սեւ հումոր է, գիտեմ, բայց հեռու չէ իրականությունից, մի օր հաստատ կլսեք։
Իսկ «երկրի զարգացման ուղղությամբ անդուլ աշխատանքի» ամենամեծ գլուխգովանությունը («հանճարեղ առաջնորդից» հետո, իհարկե) բաժին է ընկնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր հայտնվելու հիացմունքից դեռ ուշքի չեկած Վահան Քերոբյանին։ Ահա սույն պարոնի ֆեյսբուքյան գրառումը՝ պաշտոնավարման երկամյակի առթիվ.
«Երկու տարի է` ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։ Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է սերը և նվիրվածությունը իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը»։
Հինգերորդ դասարանի հայոց լեզվի եւ գրականության իր ուսուցչուհին երեւի այս շարադրությունը 5 կնշանակեր (կամ՝ նոր համակարգով՝ 10), իսկ մենք հարցնենք. բայց ժողովուրդն ուզո՞ւմ է ձերը լինել, դուք էլ՝ իր ծառան։
Հանուն ճշմարտության պիտի նաեւ փաստեմ, որ շատ համեստ անձնավորություն է Քերոբյանը. նրա լեզուն տարվա մնացած 364 օրերին մեծ առաջընթացներ է գրանցում, իսկ ահա այստեղ ինքը (ընդ որում՝ չթաքցնելով, որ սովորություն ունի միայն նվաճումների մասին խոսելու) ավելացնում է.
«Սովորության համաձայն կարելի էր գրել նվաճումների մասին, բայց մեր առջև դեռ ահռելի դժվարություններ կան, ուստի, ոչ թե արդյունքներն հաշվելու, այլ աշխատանքը բազմապատկելու ժամանակ է»։
Իսկ որ մարդիկ չեն տեսնում Քերոբյանի անդուլ աշխատանքի պտուղները, մեղավոր են նույն մարդիկ, որովհետեւ, ինչպես ասել է նախկինում՝
«Այսօր աշխատուժի պակաս ունենք տնտեսության բոլոր ճյուղերում: Քանի որ այդ աշխատանքը հարմար չի Հայաստանի բնակիչներին, ստացվում է, որ աշխատատեղերը կամ մնում են թափուր, կամ լրացվում են դրսից եկած աշխատանքային միգրանտներով»:
Վերջ, ի՞նչ եք ուզում։ Մարդիկ իրենք են մեղավոր։ Չեն ուզում աշխատել, հետո բողոքում են։
Ինչքան ասես օրինակներ կարող ենք բերել «աննախադեպ գլուխգովանների»՝ կառավարության անդամների խոսքերից։
Իսկ մեղավորությո՞ւն։ Ի՞նչ եք ասում, իրենք չունեն ոչ մի մեղք։ Այսինքն՝ «մեզանից պատասխանատվություն մի՛ պահանջեք, առաջնորդվեք մեր անմեղության կանխավարկածով»։
Չէ՛, պարոնա՛յք եւ տիկնա՛յք, ձերը ոչ թե անմեղության, այլ անմեղսունակության կանխավարկած է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։