ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները եւ ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Օրինագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով։ ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Օրենքի նախագծի ընդունմանը նախորդեցին բուռն քննարկումներ ԱԺ-ում: Ըստ ԼՀԿ-ի՝ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել ավելի ընդգրկուն օրենսդրական փաթեթ, իսկ ԱԺ-ն այլ փաթեթ է քննարկում։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ կասկածի տակ է դրվում հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինակարգությունը: Մարուքյանը նշել է, որ խնդիրը ոչ թե ընտրակարգն է, այլ նախկինից ժառանգած բարքերը՝ հավելելով, որ գործող ընտրակարգում փոփոխություններով իշխանությունն իր իսկ ձեռքով փորում է իր քաղաքական գերեզմանը։ Իմքայլականները Մարուքյանին հիշեցրել են 2018-ի հոկտեմբերի 22-ի ԱԺ-ում ելույթը, որում նա ասել է, թե իր խնդիրը տարածքային ռեյտինգային համակարգն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընդծել է, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակելիս քննարկումներ են անցկացվել տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Բացի դրանից, նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին, «որպեսզի եթե առարկություններ ունենա, նախապես հայտնի»։
Իշխանությունը վստահեցրել է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը, ինչը չի նշանակում, որ հրաժարվում են Ընտրական օրենսգրքի փաթեթից:
Հիշեցնենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է ընդունել հրատապ ընթացակարգով քննարկել այն։