ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիի օդանավակայանում հաջողությամբ ավարտվել է ՌԴ քաղաքացի Վիկտոր Բուտին ԱՄՆ քաղաքացու` բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ փոխանակելու ընթացակարգը, որոնք պատիժ էին կրում համապատասխանաբար ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ուղղիչ հիմնարկներում։
Մինչեւ փոխանակումը Վիկտոր Բուտին եւ Բրիթնի Գրիներին ներում է շնորհվել, հետեւաբար նրանք ստիպված չեն լինի մնացած պատիժը կրել իրենց երկրներում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հեռախոսազրույց է ունեցել Գրիների հետ, հայտնել է, որ ամերիկուհուն ոչ մի վտանգ չի սպառնում, նա այժմ ուղևորվում է Միացյալ Նահանգներ եւ տանը կլինի 24 ժամվա ընթացքում:
CNN հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ փոխանակումը չի ներառել Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին։
Դեռ հուլիսի վերջին ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սպիտակ տունը Կրեմլին առաջարկում է 2012-ին զենքի անօրինական վաճառքի փորձի համար 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի գործարար, զինավաճառ Վիկտոր Բուտին, որը հայտնի է որպես «մահվան վաճառական», փոխանակել ռուսական բանտերում պահվող ԱՄՆ երկու քաղաքացիների՝ բասկետբոլիստուհի, օլիմպիական երկակի չեմպիոն Բրիթնի Գրայների եւ նախկին ծովային հետեւակային Փոլ Ուիլանի հետ։
Գրայները Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել էր 2022-ի մարտին թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով։ Փոլ Ուիլանին ռուսաստանյան դատարանը լրտեսության համար մեղավոր էր ճանաչել 2020-ին։
ՌԴ-ն տեւական ժամանակ բանակցում էր ԱՄՆ-ի հետ Բուտին ազատելու շուրջ։ Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում էր նրան փոխանակման սխեմայում ընդգրկելու երկախոսությունից։