Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում փոխըմբռնում կա, որը դրսեւորվել է «Իսլամական պետության» եւ կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում երկու երկրների գործողությունների միասնությամբ:
Մոսկվայում անցկացվող «Արդարություն եւ չափավորություն. աշխարհակարգի աստվածային սկզբունքները» XVIII Միջազգային մուսուլմանական համաժողովի մասնակիցներին Ռաիսիի հղած ողջույնի խոսքն ընթերցել է Իրանի նախագահի խորհրդական Աբուլ Քասիմ Դոլաբին: Համաժողովը նվիրված է Մուհամեդ Մարգարեի հիջրայի 1400-ամյակին եւ Վոլգյան Բուլղարիայի ժողովուրդների՝ իսլամի պաշտոնական ընդունման 1100-ամյակին:
«Այսօրվա Ռուսաստանն աբրահամյան կրոնների եւ իսլամական մազհաբների երկխոսության հաջող նմուշ է»,- ասել է Իրանի նախագահը: Ռաիսին շեշտել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին եւ սուննի մուֆթիները լայն կապեր ունեն Իրանի կրոնական եւ գիտական կենտրոնների հետ:
Դոլաբին նաեւ նշել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՌԴ-ի հետ փոխգործակցության հարցում միշտ հիմնվել է այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդման վրա: