Դեկտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանը։ Համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարը ընտրապայքարում 700 ձայնով պարտվել էր ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանին։ Նույն օրը Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Անի համայնքի ավագանու լիազորությունները։
Հիշեցնենք, որ Անի համայնքի 20 ընտրատեղամասերի 15901 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 7961-ը՝ քվեարկելու իրավունք ունեցողների շուրջ 50 տոկոսը։
Ստացած 3763 ձայնով «Ազգ-համայնք» դաշինքն առաջատարն էր, դաշինքի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը: Երկրորդ տեղում ՔՊ-ի ավագանու թեկնածուներն էին Արման Սարիբեկյանի գլխավորությամբ: Համայնքի ղեկը նրանց վստահել էին 3032 անեցիներ:
Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուներին ամենաքիչ՝ 1037 ձայն էր բաժին հասել։ Քանի որ ստացած ձայներով ոչ մի քաղաքական ուժ միանձնյա չէր կարող իշխանություն ձեւավորել, «Հայկական երազանք»-ը կարող էր իրավիճակ փոխել․ ում հետ կոալիցիա կազմեր, նրան էլ բաժին կհասներ բաղձալի աթոռը։
Ագուն Սաղաթելյանը, որին ընտրապայքարում օգնել էին նախկին ՔՊ-ականները, ոչ մի ուժի հետ դաշինք չկազմեց։
2023 թվականի գարնանը Անիում կրկին նոր ընտրություններ կանցկացվեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։