Ըստ «Можем объяснить» տելեգրամյան ալիքի՝ Ռուսաստանում հանրությունը հոգնել է պետական քարոզչությունից, որն իրականացվում է հեռուստատեսությամբ։ Դրա վկայությունը պետական քարոզչամեքենայի խոսափող քաղաքական հեռուստահաղորդաշարերի վարկանիշների կտրուկ անկումն է։ Մարդիկ պարզապես զզվել են Սոլովյովի, Սկաբաեւայի եւ մյուսների հաղորդաշարերից, եւ դրանք այլեւս ամենադիտվող հաղորդումները չեն։
Mediascope-ի ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ շաբաթ ռուսական հեռուստատեսություններով հեռարձակվող ամենադիտված 100 հաղորդաշարերի շարքում միայն «Россия-1»-ի «60 минут»-ն է, այն էլ գրավել է 62-րդ տեղը 18-54 տարեկան հեռուստադիտողների տարիքային խմբում։ Հաղորդաշարի վարկանիշը 1,5 տոկոս է։ «Время покажет», «Вечер с Владимиром Соловьевым», «Место встречи» եւ այլ նման հաղորդաշարերն առհասարակ 100-յակից դուրս են մնացել, թեեւ նախկինում հեռուստադիտողները դրանք համարում էին սիրված հաղորդումներ։ Սա այն դեպքում, երբ հուլիսին «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդաշարը հարյուրյակում գրավում էր 5-րդ հորիզոնականը։
Ռուսաստանյան հեռուստադիտողներին հիմա առավել հետաքրքրում են ժամանցային, ճանաչողական բովանդակության հաղորդումներն ու հաղորդաշարերը։ Անցյալ շաբաթ Ռուսաստանում ամենադիտված հեռուստաթողարկումը եղել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Լեհաստան հաղորդումը։ Տասնյակում երեք ֆուտբոլային հաղորդումներ են, ինչպես նաեւ «Новая битва экстрасенсов» հաղորդաշարը։
Ռուսաստանցիները պետական քարոզչությունը չեն ուզում լսել նաեւ ռադիոյով։ Ամենաճանաչված «Вести FM» լրատվական ռադիոկայանը համառուսաստանյան վարկանիշում ապրիլ-սեպտեմբերին գրավել է 7-րդ տեղը։ Այն լսում է ռուսաստանցիների 8,8 տոկոսը։ Ամենահայտնի ռադիոկայանը «Европа плюс»-ն է, որի վարկանիշը 13,4 տոկոս է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը