ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը հայտնել է, որ 2023-ին նախատեսվում է դեղերի անվանացանկի ընդլայնում:
Ըստ Հարությունյանի՝ դեղապահովման ծրագրի շրջանակում 2022-ին արդեն շուրջ 171 հազար շահառու կարողացել է ստանալ անվճար դեղորայք տարբեր հիվանդությունների գծով: Դեղերն ապահովվում են 12 հիվանդությունների գծով: Ընդհանուր առմամբ 2022-ին այդ նպատակի համար հատկացվել է 3,7 միլիարդ դրամ:
Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ հիմնական 10 հիվանդությունների գծով դեղերը 100 տոկոսով ապահովվում են, եւ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով համապատասխան դեղորայք է տրամադրվում: Ըստ նրա՝ այս պահին, սակայն, պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը։ «Ի դեպ, ասեմ, որ տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական ավելացում ունենք, այլեւ որակական: Այսօր ցանկում ունենք եվրոպական արտադրության բարձր որակի դեղեր»,- նշել է Հարությունյանը:
Տեղեկանք
ՀՀ-ում անվճար դեղորայք տրամադրվում է հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով: