Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ցածր եկամուտ ունեցող երկրները 2022-2026 թվականների համար մոտ 500 միլիարդ դոլարի հավելյալ արտաքին ֆինանսավորման կարիք կունենան։ Դա 57 միլիարդով ավելի է անցյալ տարվանից:
ԱՄՀ-ի քաղաքական զեկույցում նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը խորացրել է սղաճը եւ զգալիորեն բարձրացրել պարենի, էներգակիրների եւ պարարտանյութերի գները, դանդաղեցրել հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրների հետպանդեմիական վերականգնումը եւ առավել զգալի դարձրել մեկ շնչի հաշվով եկամուտների աճի խոչընդոտները։
ԱՄՀ-ն շեշտել է, որ ցածր եկամուտ ունեցող երկրները «առավել շատ են սթրեսային վիճակում հայտնվում, քանի որ դրանց կառավարություններն ավելացնում են ծախսերը, որպեսզի կարողանան հաղթահարել կորոնավիրուսային համավարակի եւ ռուս-ուկրաինական պատերազմի ֆինանսա-տնտեսական բացասական հետեւանքները եւ բնակիչներին կարողանան պաշտպանել վառելիքի, պարենի բարձր գներից»։ Միաժամանակ նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում բնակչությունը պարտքերի մասով ավելի խոցելի է դարձել։ Ուստի այս տարի ցածր եկամուտ ունեցող երկրների համար արձանագրվել է բյուջետային զգալի դեֆիցիտ։
ԱՄՀ-ի զեկույցում նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներին կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հաղթահարման համար 2022-2026 թվականների անհրաժեշտ ֆինանսավորումը 440 միլիարդ դոլար է։ Սակայն, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, 2022-2023 թվականների համար հավելյալ ֆինանսական հատկացումների կարիք է առաջացել՝ վերոնշյալ գումարը հասցնելով 497 միլիարդ դոլարի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը