ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, թե Բրյուսելը նպատակ ունի ցանկացած միջոցներով «մխրճվել» հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացում: Նա նկատի ունի հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի դիտորդական առաքելության հնարավոր երկարացման ձգտումը:
Մարիան ճիշտ է: Բայց մի փոքրիկ վերապահում կա: Ձգտումը ԵՄ-ից չէ, այլ ՀՀ-ից: Երեկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Շատ լավ կլիներ, եթե ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելությունը երկարացվեր»: Այո՛, ԵՄ-ն ուզում է երկարացնել իր մանդատը հայ-ադրբեջանական առկա սահմանին, բայց ԵՄ-ն օգտվել է այդ սահմանին ստեղծված վիճակին ՀԱՊԿ-ի, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի չտված քաղաքական գնահատականից:
Այդ գնահատականը ուզենք-չուզենք կարեւոր է: Ինչո՞ւ: Որովհետեւ Ռուսաստանը միակ երկիրն է, որը տիրապետում է նախկին ԽՍՀՄ երկրների իրական սահմաններին: Իսկ միակ տիրապետողն այսօր չի շտապում հայտարարել, որ Ադրբեջանը կա՛մ մխրճվելով ՀՀ տիրացել է իր իրական տարածքներին, կա՛մ օկուպացրել է դրանք:
Այլ խոսքով՝ քաղաքական գնահատական չկա: Իսկ քանի որ չկա այդ գնահատականը, ՀՀ-ն իր խոցված իրավունքների մոնիտորինգը տալիս է նրան, ով այդ քաղաքական գնահատականի պարտավորությունը չունի հենց այն պատճառով, որ չի տիրապետում սահմանների իրական պատկերին: Ահա այստեղ է վրիպել Ռուսաստանը, եթե նրա համար այդքան կարեւոր է, որ ՀԱՊԿ-ը կատարի այդ քաղաքացիական կամ թեկուզ ռազմական դիտորդական առաքելությունը:
Այստեղ պետական արժանապատվության տեսանկյունից մի վիրավորական պահ կա: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է։ Այո՛, նրանից շատ բան է կախված հակամարտության կարգավորման հարցում: Բայց Ռուսաստանը, թույլ տվեք ասել, ՀՀ-ին հիմարի տեղ է դնում: Նա գրեթե անթաքույց մեզ հասկացնում է, որ գոնե միառժամանակ պետք է հաշտվել օկուպացիայի մտքի հետ եւ ընդունել ստատուս քվոն, ես կգամ, դիտորդական առաքելություն կիրականացնեմ ու կփորձեմ սահմանազատման ու դեմարկացիայի հանձնաժողովների գործունեությամբ կարգավորել հարցը:
Բայց սա ծուղակ է ՀՀ-ի համար: Հաշտվել այսօրվա վիճակի հետ նշանակում է աշխարհին հասկացնել, որ, այո՛, ինքս էլ կասկածներ ունեմ սեփական սահմանների իրական դրվածքի մասով: Իսկ եթե ունեմ կասկածներ, ի՞նչն է ինձ խանգարում մի հինգ տարի հետո ընդունելու, որ դրանք իսկապես իմ տարածքները չեն: Գուցե Փաշինյանին մի օր ոչինչ չխանգարի, բայց ՀՀ-ին խանգարում է:
ԵՄ առաքելությունը հենց դրա համար է՝ Հայաստանին թույլ չտալ մոռանալ, որ ինքը վեճ ունի: Այդ իմաստով ՀԱՊԿ-ն այդ սահմանին սոսկ թմրեցնող առաքելություն կունենար: Հատկապես երբ խաղաղության համաձայնագիրն ավելի վաղ է սպասվում, քան ադրբեջանական զորքերի հետքաշումը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: