«Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը հայտնել է, որ Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի առնչությամբ լճից դուրս են բերվում բոլոր տեսակի լողամիջոցներն ու որսագործիքները։
Միաժամանակ հսկողություն է սահմանվում Սեւանա լիճ տանող ճանապարհներին եւ մայրուղիներում, մարզի եւ մայրաքաղաքի շուկաներում, վաճառքի այլ կետերում։ Հսկողություն եւ շրջայցեր են կատարվելու նաեւ Սեւանա լճի վրա։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների համատեղ ուժերով։
Մնացականյանը նշել է, որ մինչեւ արգելքի խստացված ռեժիմին անցնելը՝ դեկտեմբերի 15-ը, Սեւանա լիճն ամբողջությամբ կազատվի լողամիջոցներից եւ որսագործիքներից, հիմնովին կդադարեցվի ձկնորսների մուտքը լիճ։ Նրանք, ովքեր ըմբռնումով չեն մոտենա նախարարի հրամանի կատարմանը, պատասխանատվություն կկրեն օրենքի առջեւ։