ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Ընդգծելով Հայաստանի ներդրած ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ ադրբեջանական կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել: