Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանը Պուտինը շեշտել է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ առաջատար առեւտրատնտեսական գործընկեր։ Ըստ ՌԴ նախագահի՝ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, որն առաջատարներից, գուցե նույնիսկ հիմնական ներդրողներից մեկն է՝ ներդրումների մոտ 40 %-ը։ Այս տարվա առաջին 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը եղել է 67 %։
«Սա շատ, շատ լավ, դրական ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, հարցեր միշտ լինում են, եւ ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար»,- ասել է ՌԴ նախագահը։
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական օրակարգը շատ հագեցած է։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ Փաշինյանը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում դեռեւս լարված է, վերջին շրջանում նաեւ լարվածության աճ է նկատում ԼՂ-ում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
«Հուսով եմ, որ այսօր էլ կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարեւոր հարցերը»,- ասել է Փաշինյանը։