Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ քաղաքականության վերջին փոփոխությունների պատճառով որոշել է այլեւս չօգտվել Twitter-ից։
«Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ օգտագործել երաժշտությունը մարդկանց համախմբելու համար: Այնուամենայնիվ, ցավով արձանագրում եմ՝ ինչպես է ապատեղեկատվությունն օգտագործվում մեր աշխարհը պառակտելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է արտիստը։ Էլթոն Ջոնը կարծում է, որ նոր փոփոխությունները ապատեղեկատվություն ազատ տարածելու պայմաններ են ստեղծելու։
Ներկայում Ջոնի սոցիալական օգտահաշիվն ունի մոտավորապես 1,1 միլիոն հետեւորդ:
Նախկինում խոշոր կորպորացիաները, դրանց թվում՝ General Motors-ը եւ Dyson-ը, հրաժարվել էին սոցցանցում գովազդից, իսկ մի շարք հայտնի դեմքեր, նրանց թվում՝ մոդել Ջիջի Հադիդը, հոկտեմբերի վերջին ջնջել էին Twitter-ի իրենց հաշիվները։