Նոյեմբերի 9-ի Հայտարարությունից կարճ ժամանակ անց տողերիս հեղինակը ֆեյսբուքյան գրառումով ուշադրություն հրավիրեց, որ ռազմա-քաղաքական նոր ստատուս-քվո է ձեւավորվում Սոթք-Ամուլսար-Սյունիքի պղնձամոլիբդենային պաշարներ-Զանգելանի ոսկու եւ Կաշենի պղնձի հանքերի «տնտեսա-ռեսուրսային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքների գծով», արձագանքները, մեղմ ասած, դրական չէին։ Բարձր էր իրավիճակի զգացմունքային «ընկալման ամպլիտուդը»։
Երեւանում ձեւավորվել էր ՀՓՇ, որ միայն մի բան էր ներշնչում․ «Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը եւ պետք է հեռանա»,- իսկ Ստեփանակերտում մտասեւեռված էին վերսահմանադրական կառավարում ձեւավորելու եւ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելու «համախոհ նպատակի» իրացման վրա։
Ե՛վ Փաշինյանը մնաց իշխանության, ե՛ւ Արայիկ Հարությունյանը։ ՀՓՇ-ն կազմացրվեց, ընդդիմությունը լեգիտիմացրեց արտահերթ ընտրությունները, իսկ Ստեփանակերտում ստատուս-քվոն կայացավ «կոլեգիալ իշխանություն ձեւավորելու» պայմանավորվածությամբ։
Դեկտեմբերի 10-ին, մինչդեռ, մեկ ամիս առաջ պետական նախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը տեղական հեռուստատեսության մեկնաբանի հարցին՝ Կառավարությունը կձեւավորվի քաղաքական խորհրդատվությունների արդյունքո՞ւմ, գրեթե բաց տեքստով բացասական պատասխան տվեց՝ հղելով նախագահի կողմից ստացած «լայն լիազորություններին»։ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը հեռարձակվեց Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի շուրջ լարված իրավիճակի համապատկերին։
Դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության շտաբում ադրբեջանցի «քաղաքացիական մասնագետների» եւ գեներալ Վոլկովի միջեւ, ինչպես Արցախի տեղեկատվական շտաբն է ծանուցում, համաձայնություն է ձեռք բերվել, որ «կիրականացվի մեկանգամյա դիտարկում»։ Այդ քննարկումներին մասնակցել է նաեւ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա Արցախի իշխանությունների կողմից լիազորված է «կոորդինացնելու ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ» շփումները։
Ե՛վ Դրմբոնում, ե՛ւ Կաշենում, սակայն, «ինքնաբուխ հավաքներ են կազմակերպվել» եւ փակել Ադրբեջանի «քաղաքացիական մասնագետների» մուտքը։ Նույն օրը նրանք վերադարձել են Շուշի եւ մամուլի համար հայտարարություն տարածել, որտեղ ամենաուշագրավը, թերեւս, այն է, որ հանրային ակցիաները կազմակերպել են «Վիտալի Բալասանյանը եւ ապօրինի վարչակազմի ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը»։ Գլխավոր ինտրիգը, կարծես, ակնհայտորեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների այս ձեւակերպման մեջ է։
Բաքուն ինչո՞ւ է Արցախի երկու պաշտոնյաներին տարբերակում։ Չէի՞ն կարող գրել, որ «սադրանքը կազմակերպել են ապօրինի վարչակազմի ներկայացուցիչներ Ռուբեն Վարդանյանը եւ Վիտալի Բալասանյանը»։ Բաքվի մամուլը, հիմք ընդունելով Իլհամ Ալիեւի բնորոշումը, Ռուբեն Վարդանյանին անվանում է «Ռուսաստանի դրածո», գեներալ Վոլկովին՝ նրա «ոսկեբեր բիզնեսի բաժնետեր»։ Ռուսաստանյան թելեգրամ-ալիքները, մինչդեռ, Վարդանյանին կապում են «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի» հետ եւ նրան մեղադրում Արցախից «ռուսական կապիտալը դուրս մղելու նպատակադրվածության» համար։
Ըստ այդմ, Վարդանյանը Ստեփանակերտ է եկել, որպեսզի «վերաբաշխի Լեռնային Ղարաբաղի ընդերքը»։ Արցախում «սարաֆանային փոստը» վաղուց էր խոսում, որ Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում «ռուսական կապիտալը մասնակցություն ունի»։ Բայց երբ այդ մասին ռուսաստանյան թելեգրամ-ալիքներն են գրում, պատկերը «փոխվում է»։ Սպառիչ տեղեկատվություն, իհարկե, ունեն հանքերը շահագործող իրավաբանական անձինք, ոչ ոք մտադիր չէ «հետաքննություն» սկսել, բայց տագնապահարույց է, որ Ստեփանակերտում կարող են տնտեսական խոշոր շահեր բախվել, այն էլ՝ արտաքին դերակատարների «ռեժիսուրայով»։
Ով ինչքան եւ ինչպես է «արդար քրտինքով վաստակել»՝ շարքային արցախցուն չի հետաքրքրում։ Բայց հայկական կողմից «խաղացողներն» էլ պետք է բարի լինեն եւ իրենց բիզնես-շահերը չներկայացնեն որպես «համաժողովրդական խնդիր»։ Բարոյական չէ մարդկանց դարձնել «ֆիլմի մասսովկա»։ Դա վտանգավոր է։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ Իլհամ Ալիեւից «բողկ է կերել», թող նրա հետ խնդիրները կարգավորի «ամենաբարձր մակարդակով»։ Այդ պայմանավորվածությունն, ահա, շարքային արցախցու անվտանգության երաշխիք կլինի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։