ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2022-ի հունվարից առ այսօր պետության երաշխավորած անվճար բժշկական սպասարկման ուղեգրով բուժում է ստացել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող 606 ազատազրկված անձ:
Նախարարությունից նշել են, որ հնարավոր չէ հստակ պատասխանել՝ ՀՀ տարածքում քանի բանտարկյալ բուժօգնության կարիք ունի։ Ոչ պետական բժշկական կենտրոններում ազատազրկված անձանց բուժման վերաբերյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հատուկ հաշվառում չի վարում: ՊՈԱԿ-ը հաշվառում է միայն բանտարկյալներին բժշկական օգնության տրամադրման ծավալը։
Ըստ ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարությանների միջեւ ամռանը ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրի՝ ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի եւ ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդարադատության նախարարությունը նախատեսում է փակել դատապարտյալների հիվանդանոցն ու Երեւանում հիվանդանոցին բնորոշ պայմաններ ունեցող նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել։
Հայաստանի տարածքում գործող քրեակատարողական հիմնարկներում ներկայում պահվում է 2300 մարդ։