«Այսօր, պետության անվտանգության հետ կապված, բիզնեսը լուրջ խնդրի առջեւ է։ Տեսանելի չէ, թե ապագայի նկատմամբ ինչպիսին են պետության անվտանգության երաշխիքները։ Այսինքն՝ Հայաստանն արդյոք տարածաշրջանի եռացող կաթսայում չէ՞, որը կարող է բռնկվել նոր պատերազմներով ու հարձակումներով։ Այսօր բիզնեսը դեռեւս սպասողական վիճակում է՝ ընդլայնվի՞, թե՞ ոչ, լրացուցիչ ներդրումներ կատարի՞, թե՞ ոչ։ Եվ մեծ հաշվով քայլ չի անում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացումներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում գրանցել եւ 2021 թվականի հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով։
Մակարյանն ասում է՝ տնտեսության մեջ անորոշությունն ու անկումն ավելի են խորանում այն պատճառով, որ մենք չունենք շարժունակ բիզնես, որը կհամագործակցի կառավարության հետ, գործատուներ, որոնք կառավարությունից համագործակցության ազդակներ կստանան։ Կառավարությունը ծրագրեր դեռ չի առաջարկում։
Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակմանն ու Հայաստանի վրա դրա ազդեցությանը՝ Մակարյանը նշեց, որ այդ դեպքում մեր տնտեսությունը կկանգնի մեծ ռիսկերի առաջ, որոնք պետական մարմինների կողմից գնահատված եւ դասակարգված չեն։ Այդ մարտահրավերների կառավարման, հաղթահարման կամ գործողությունների ծրագիր նույնպես գոյություն չունի, ինչը հնարավոր զարգացումներին ընդառաջ կարող է կործանարար լինել մեր տնտեսության համար։
Ռիսկերը կգան ոչ թե Ադրբեջանից, քանի որ այդ երկրի տնտեսությունը զարգացած չէ, եւ եթե էներգակիրները հանենք, տնտեսությունը կկազմի շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար, այլ Թուրքիայից, որի հետ մեր առեւտրաշրջանառությունը միայն ներկրում է։ «Եթե մենք հրապուրվենք բարեկամական կոչերով ու սկսենք աշխատել Թուրքիայի հետ, ապա խնդիրներ կունենանք։ Իհարկե, Թուրքիայի հետ Հայաստանը տարիներ շարունակ առեւտրային հարաբերություններ է ունեցել եւ գոհ է եղել։ Թուրքիան միշտ եղել է ՀՀ արտաքին առեւտրային գործընկերների հնգյակում, եւ եթե այդ խմբում նրա դիրքերը վերադասավորվեն, ու ավելի անարգել առեւտուր լինի, թվերը հեշտությամբ կարող են կրկնապատկվել։ Իսկ դա կնշանակի, որ նա կփոխարինի այլ երկրներից ապրանքների ներմուծմանը կամ տեղական արտադրողներին։ Այդ ռիսկերը, ներկրվող ապրանքների մրցունակությունը գնահատված չեն»,- ասում է գործատուների միության նախագահը։
Տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում Թուրքիան կարող է գրավել հատկապես Իրանից ու Չինաստանից ներկրվող ապրանքների շուկան։ 2020 թվականին Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 400 մլն դոլար, որի գերակշիռ մասը՝ մոտ 325 մլն դոլարը, բաժին է ընկնում ներմուծմանը։ Չինաստանի հետ ունեցել ենք մոտ 965 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, որից ներկրումը եղել է 290 մլն դոլար։
Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը, տվյալ դեպքում ներմուծումը, անցած տարի պատերազմի պատճառով մի փոքր նվազել եւ 268 մլն դոլարից հասել է 230 մլնի, որը երկու երկրներից էլ ցածր է։
Մակարյանն ասում է՝ Իրանից եւ Չինաստանից ներկրումը հակակշռող դեր ունի, բայց եթե ճանապարհները բացվեն, տնտեսական ագրեսիվ քաղաքականությամբ Թուրքիան այդ երկրներին դուրս կմղի Հայաստանից։
«Եվ հիմա, եթե Թուրքիային թույլ տանք՝ մեզ էքսպանսիայի ենթարկի, առեւտրային բոլոր տեղերը կգրավի՝ կվաճառի գյուղատնտեսական ավելի էժան ապրանք՝ ցիտրուս, մսամթերք, ընդեղեն, թռչնամիս։ Իրանից ներկրվում են նաեւ ցեմենտ, կլինկեր, ամրան, ներկեր, լարեր։ Թուրքիան կգրավի այդ շուկան իր ավելի էժան ու որակյալ ապրանքներով։ Կենցաղային եւ այլ սարքավորումներով կմրցակցի չինականների հետ։ Այսինքն՝ մենք կհայտնվենք Թուրքիայից ներկրումների ուժեղ ճնշման տակ»,- ասում է Մակարյանը։
Բայց ի՞նչ տարբերություն, թե որտեղից կներկրենք։ Եթե Թուրքիայից ներկրումն ավելի էժան, ավելի որակյալ եւ մրցակցային է, ինչո՞ւ պիտի վախենալ դրանից։ Թեկուզ եւ դա տեղի ունենա Իրանից ու Չինաստանից ներկրելու հաշվին։
Մակարյանն ասում է՝ երկրների բազմազանությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, հատկապես երբ հարցը վերաբերում է մոտ երեք տասնամյակ իր սահմանները մեր առաջ փակած Թուրքիային։ Եվ դեռ պարզ չէ, թե այդ երկիրն ինչ մտադրություններ ունի տարածաշրջանում ու մասնավորապես Հայաստանում։ Եւ եթե մեր իշխանությունները, մեր բիզնեսը գայթակղվեն հարմարավետությամբ ու մեր ներկրման կառուցվածքում ավելացնեն Թուրքիայի բաժինը, ապա տարիներ հետո, երբ խնդիրներ ունենանք այդ երկրի հետ, չենք կարողանա արագ վերականգնել Իրանի ու Չինաստանի հետ առեւտրային կապերը։
Նա նաեւ ահազանգում է, որ այդպիսով կվտանգվեն Հայաստանում Իրանի հետ քննարկվող տնտեսական ծրագրերը։ «Իրանի հետ ընթանում են բանակցություններ նաեւ իմ աջակցությամբ, որ Հայաստանում հիմնվեն տարբեր արտադրություններ, եւ մեր երկիրը դառնա հարթակ արտահանելու համար թե՛ ԵԱՏՄ եւ թե՛ այլ երկրներ, քանի որ ունի GSP եւ GSP+ համակարգերը կամ տարբեր երկրների հետ բարեկամական, ազատ առեւտրային հարաբերություններ, որոնք չենք օգտագործել։ Թուրքիայի հետ չենք կարող նման հարաբերություններ ստեղծել, կփորձի խեղճացնել։ Իրանական կողմը, հակառակը, հակված է ուժեղացնելու այդ հարթակը»,- ասում է Մակարյանը։
Նա նաեւ շեշտում է, որ թեեւ Հայաստանը Թուրքիայից ապրանքներ է ներկրում, բայց այդ պետությունն արգելում է մեր երկրից ներկրումը։ Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ Հայաստանից այդ երկիր արտահանումը գրեթե զրոյական է։ Բացի այդ՝ դժվար է ասել, թե սահմանների բացվելու դեպքում ինչ հնարավորություններ կունենանք, հատկապես որ Թուրքիային հետաքրքրող արտադրություն չունենք․ «Ասում են՝ սահմանները բացվեն, գնացքները գնան-գան։ Իսկ ինչո՞վ ենք լցնելու այդ վագոնները։ 15-20 վագոնը 1000 տոննա բեռ է փոխադրում, ի՞նչ ենք լցնելու։ Հուսով եմ՝ իշխանությունը կվերանայի արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, դա մեր տնտեսության շատ կարեւոր մասն է։ Մեր արտադրությունը պիտի զարգանա, մենք չենք կարող լինել երկիր, որը միայն կսպառի»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։