Դեկտեմբերի 11-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Պրիշտինան փորձում է ահաբեկչության քաղաքականությամբ վերջ տալ Կոսովոյում եւ Մեթոխիայում «սերբական խնդրին»։
Պաշտոնական Բելգրադը Կոսովոյի վարչապետին մեղադրում է սերբերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության համար։ Սերբական կողմը հայտնում է, որ Կոսովոյի վարչապետի գործողությունների եւ Եվրամիության անգործության պատճառով Սերբիան Կոսովոյի հետ պատերազմի շեմին է: Սերբիայի ղեկավարը հայտնել է, որ Կոսովոյի ոստիկանությունը ներխուժել է շրջանի սերբաբնակ տարածքներ, բայց միջազգային հանրությունը ձեւացնում է, թե նման բան չի եղել:
Կոսովոյի հյուսիսում իրավիճակը լարվել է դեկտեմբերի 10-ից, երբ Կոսովոյի ոստիկանությունը Կենտրոնական Սերբիայի հետ սահմանի անցակետում ձերբակալել է նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչին։ Վերջինս գործընկերների հետ մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու Կոսովոյի որոշմանը: Ի պատասխան՝ տարածաշրջանի սերբ բնակչությունն անցակետի մոտ գտնվող մի շարք բնակավայրերում արգելափակել է մայրուղու երթեւեկությունը եւ բողոքի ցույցեր անցկացրել։ Ըստ լրատվամիջոցների՝ լսվել են կրակոցներ, բարիկադների մոտ տեղակայվել են KFOR-ի ծառայողներ:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պահանջել է հեռացնել բարիկադները, հակառակ դեպքում Կոսովոն կարձագանքի այդ ագրեսիային:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Կոսովոյի սերբերին ապամոնտաժելու բարիկադները եւ դադարեցնելու բախումները: Վաշինգտոնը նույնպես հորդորել է կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել Կոսովոյի հյուսիսում լարվածության թուլացման ուղղությամբ։