Երեկ երեկոյան հատուկ չվերթով Թբիլիսի էր ժամանել ռուս լրագրող Վլադիմիր Պոզները՝ նշելու իր ծննդյան օրը։ Ապրիլի 1-ին, սակայն, վրաց ակտիվիստները «հարամեցին» նրա տոնը:
Պոզներին Վրաստանում դիմավորեցին բողոքի ցույցով: Նրա հետ Թբիլիսի էր ժամանել ռուսական շոուբիզնեսի մոտ 40 ներկայացուցիչ, այդ թվում նաեւ Վիկտոր Դրոբիշը եւ այլք:
Վրաց ընդդիմության ներկայացուցիչներն ու ակտիվիստներն ամբողջ գիշեր ցույց էին անում այն հյուրանոցի մոտ, որտեղ իր հյուրերի հետ կանգ էր առել Պոզները։ Գիշերվա ընթացքում Թբիլիսիի ռուս այցելուներին ոստիկանությունը տեղափոխեց այլ հյուրանոց: Իսկ ապրիլի 1-ի առավոտյան արդեն հատուկ չվերթով նրանք լքեցին Վրաստանը:
Ըստ ցուցարարների՝ Պոզները բազմաթիվ հայտարարություններ է արել ընդդեմ Վրաստանի, ասել որ Աբխազիան եւ Հարավային Օսիան երբեք չեն լինի նրա կազմում, եւ մարտի 31-ին՝ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրը, նրա մուտքը Վրաստան վիրավորական է:
Նրանք գտնում են, որ Պոզները խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: Մինչդեռ ՆԳ նախարարությունն ասում է, որ Վլադիմիր Պոզները Միացյալ Նահանգների քաղաքացի է, եւ նրա մուտքը երկիր խախտում չէ։
Մարտի 31-ի դրությամբ Վրաստանում գործում է պարետային ժամ։ Երեկոյան 9-ից մինչեւ առավոտյան 5-ը տեղաշարժի դադարեցվում է, ինչպես նաեւ ռեստորաններում եւ հանրային տարածքներում խնջույքներն ու բազմամարդ հավաքներն արգելված են:
Այս սահմանափակումների ֆոնին ռուս պատվիրակության՝ հատուկ չվերթով ժամանումն էլ ավելի է բարկացրել ակտիվիստներին: Նրանք Վրաստանի կառավարությանը մեղադրում են իրենց հանդեպ խտրականության համար։ «Երբ կառավարությունը մեզ տանը փակված է պահում, այդ դեպքում ինչու՞ պետք է այլ երկրի քաղաքացիները ծննդյան օր նշելու հնարավորություն ունենան»։
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, մարտի 31-ին տուգանվել են Վլադիմիր Պոզները եւ նրան ուղեկցող 31 անձ՝ կարանտինի, ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։ Մյուս 9 հոգին չեն խախտել նշված կանոնները: Աշխատանքի տեսչությունը տուգանել է նաեւ հյուրանոցին, որտեղ հյուրերն ընթրիքի են եղել:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ռուս լրագրող Վլադիմիր Պոզների այցի վերաբերյալ ասել է, որ նա Վրաստան է մուտք գործել օրենքին համապատասխան: «Վլադիմիր Պոզները, որն ԱՄՆ քաղաքացի է, չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Նա հաճախ է այցելում Վրաստան ԱՄՆ անձնագրով։ Սա նրա անձնական բնույթի հերթական այցն էր: Միեւնույն ժամանակ, կառավարության հրամանագրի համաձայն, Վրաստան մուտք գործածները այսպես կոչված «կովիդ անձնագիր» են ունեցել, ինչպես նաեւ թեստի բացասական արդյունքներ։ Հետեւաբար՝ նրանք երկիր են մտել օրենքին լիովին համապատասխան: Ինչ վերաբերում է Թբիլիսիի հաստատություններից մեկում հյուրերի հավաքին, կանոնակարգի անտեսումը, իհարկե, մեզ համար անընդունելի է, կա խախտում, եւ համապատասխան գերատեսչություններն անմիջապես արձագանքել են: Մասնավորապես, ինչպես հաստատությունը, այնպես էլ անհատները տուգանվել են»,- ասել է Ղարիբաշվիլին: