ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին եւ ընթացիկ տարվա հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Արա Այվազյանը Մոսկվա է մեկնել, տեղի է ունենալու ապրիլի 2-ին: