Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հայտնել է, որ կենտրոնի մի շարք բուժառուներ ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում են: Ցուցված է բոլորին անհապաղ տեղափոխել Երեւան:
Մասնավորապես, 1972-ին ծնված, Արցախյան երկու պատերազմների մասնակից Անդրանիկ Արամայիսի Շեյկյանը դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ:
1980-ին ծնված Նորայր Վաչագանի Մայիլյանին սիրտ-թոքային վերակենդանացում է արվել, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:
1960-ին ծնված Արցախյան երկու պատերազմների մասնակից Սոկրատ Էդուարդի Ավշարյանին դեկտեմբերի 12-ին կորոնար անգիոգրաֆիա է արված, պետք է սրտի բաց վիրահատություն եւ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ:
Մուսայելյանն ահազանգում է, որ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով երեքի տեղափոխումն էլ Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում: