ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը փակելով` Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ամբողջ միջազգային հանրության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրների հրատապ ուշադրությունն է հրավիրել, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի։
ԱԳՆ-ն շեշտել է, որ Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ, ու ակնհայտ է, որ սադրանքը կազմակերպել են Ադրբեջանի պետական մարմինները՝ նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետությունից եւ այսպիսով արտաքին աշխարհից:
Ընդգծվել է, որ այս գործողության հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ։
ԱԳՆ-ն հիշեցրել է եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո է, իսկ Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը:
ՀՀ արտգործնախարարությունն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունը: «Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրը հասցեագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»,– ասված է ԱԳՆ հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգն ավելի առարկայական են դարձնում: