Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախցիներին հասկացնում է, որ դուրս գան Արցախից, քանի որ Հայաստանը նրանց համար ոչինչ անել չի կարող, իսկ ռուսները չեն անի։ Վարչապետը փաստորեն արդեն գիտի, որ ռուսական մանդատն ադրբեջանցիները չեն երկարացնի։ Չէ՞ որ Արցախի շրջափակումով նրանք ցույց են տալիս ռուսական խաղաղապահության խոցելիությունը։
Ու ի՞նչ պիտի մտածի արցախցին, երբ ՀՀ վարչապետն ասում է, թե Ադրբեջանն Արցախում իրականացնում է երեք տարբեր սցենարով ցեղասպանություն։ Պարզ է՝ պետք է խուճապահար փախչի Արցախից։ Ի՞նչ են անում ադրբեջանցիներն այս օրերին։ Նրանց ագրեսիան Արցախի դեմ չէ, նրանք եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, եթե ոչ մյուս օրը, մի օր մտնելու են Արցախ տիրոջ իրավունքով։ Նրանք Հայաստանի հետ են «խոսում» Արցախը շրջափակելով։ Իսկ Հայաստանը նրանց առաջարկելու բան չունի։ Չունի, որովհետեւ գինը Մեղրիի միջանցքն է։ Հայաստանն, ըստ Ադրբեջանի, պետք է կամավոր ու սիրով զիջի այդ միջանցքը, զիջի առանց հարցեր տալու, առանց իրեն թանկացնելու, առանց այդ միջանցքի վրա գին դնելու, ուղղակի պետք է տա ու վերջ։
Փաշինյանն իր հերթին դիմադրում է ու փորձում Արեւմուտքին խառնել այս պատմության մեջ, որովհետեւ սեփական փաստարկները, որքան էլ տրամաբանական, որքան էլ ճիշտ ու երկաթյա, չեն աշխատում։ Ինչո՞ւ չեն աշխատում։ Որովհետեւ Հայաստանը ցավում է Արցախի համար ու իր «մարմնից» պետք է կտրի Արցախը փրկելու համար, նա չի կարող Արցախը փրկել առանց իրենից ինչ-որ բան զոհաբերելու։ Իսկ պետք է զոհաբերի, որովհետեւ պատերազմ է պարտվել։ Այսպես է լուծումը տեսնում Ադրբեջանը. չես կարող պարտվել ու քաշվել մի կողմ, պետք է զոհաբերություններդ արդարացնեն հետագա էսկալացիայի անթույլատրելիությունը։ Իրենից չկտրելու համար գոնե այս պահին Հայաստանը աջակից չունի։ Նշանակում է՝ քաղաքական վերնախավը դեռ չգիտի, թե ինչպես իրավիճակից դուրս գա առանց մեծ կորուստների։
Ադրբեջանն անում է այն, ինչն իր ժամանակին Հայաստանը չի արել նրա նկատմամբ։ Կարճ ասած, Փաշինյանը չի կարողանում գտնել այն զորեղ միջոցը, որով ե՛ւ գայլերը կկշտանան, ե՛ւ ոչխարները կմնան ողջ։ Կօգնե՞ն նրան միջազգային կառույցները։ Առայժմ դժվար է ասել։ ԵՄ-ն արդեն հրաժարվել է քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելուց, որը փխրուն երաշխիք էր, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա չի իրականացնի։
Այս օրերին Ղարաբաղի խորհրդարանը տարբեր որոշումներ է ընդունում, հայտարարում է կարմիր գծերի մասին։ Ադրբեջանում դրանք գիտեն, բայց գիտեն նաեւ, որ Արցախը ոչինչ չի կարող անել նույնիսկ ռուսների օգնությամբ, որովհետեւ ռուսական մանդատը ժամկետ ունի։ Այդ մանդատի շրջանակում Ադրբեջանը որեւէ լայնածավալ ագրեսիա չի էլ մտադրվում իրականացնել։ Հիմա նա միայն ոչնչացնում է Հայաստանի ու Արցախի ներքին փխրուն դիմադրողականությունը։ Մինչեւ կգա վճռական հարված հասցնելու ժամանակը։ Հայաստանը սա գիտի։ Իսկ թե ինչպես պիտի դիմադրի, հարց է, մեծ հարց է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: