Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շուրջ 125 միլիոն դրամ է տրամադրել 2022-ի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետեւանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակիչներին։
«Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022-ի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետեւանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն եւ Ճակատեն, Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա եւ Սոթք համայնքների բնակիչներին»,– նշված է Հայկական Կարմիր խաչի ընկերություն ֆեյսբուքյան գրառման մեջ։
Միանվագ օգնություն է տրամադրվել 459 ընտանիքի։ Նրանք ստացել են 150 հազարից 362 հազար դրամ՝ ըստ ընտանիքի անդամների թվի:
Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150 հազար, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215 հազար, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264 հազար, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 313,5 հազար, իսկ հինգ եւ ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362 հազար դրամ։