Լույս է տեսել պատմաբան, հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հերթական արժեքավոր հատորը՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» վերնագրով (Երեւան, «Անտարես», 2022, 653 էջ)։ Այն արդեն երկրորդն է հեղինակի «Հայաստան—Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» ժողովածուից հետո, որ հրատարակել է մեկ տարի առաջ նույն հրատարակչությունը։ Ըստ հեղինակի հավաստման՝ սպասվում է այսպիսի եւս երեք հատոր։
Ստվար այս ժողովածուն ամփոփում է Ժ. Լիպարիտյանի, գրքի վերնագրով պայմանավորած, տարբեր տարիների հոդվածները, գիտական, քաղաքագիտական զեկուցումները, հարցազրույցները, ելույթները 1979-2021 թվականների ավելի քան քառասնամյա շրջանում։ Համառոտ նախաբանում նա ներկայացնում է ժամանակագրական այս ավելի քան չորս տասնամյակում 1991-1998 թվականներով թվագրված նյութերի պակասի պատճառը, այն է՝ Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ կարեւոր պաշտոններում լինելով զբաղվածությունը, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը։ Այս «բացը» հեղինակը խոստանում է լրացնել առանձին հրատարակությամբ՝ հուշերի եւ այդ տարիներին գրված ու անտիպ մնացած նյութերի մեկտեղմամբ։
Նույն «Նախաբանում» նա ներկայացնում է նաեւ այն սկզբունքները, որոնցով ժողովածուի մեջ ընդգրկված 36 անուն նյութերն առանձնացված են հետեւյալ վեց բաժինների մեջ.
- «Նիւթեր պատմութեան համար»,
- «Ներքին քաղաքական խնդիրներ»,
- «Արտաքին եւ անվտանգութեան խնդիրներ»,
- «Լեռնային Ղարաբաղի հարցը»,
- «Մտորումներ»,
- «2020 թ. պատերազմէն ետք»։
Ճիշտ է մտածել հեղինակը՝ տարբեր ժամանակներում գրված նյութերից յուրաքանչյուրին ավելացնել համառոտ ներածական գրություններ կամ հետգրություններ (ինչը նա արել է նաեւ նախորդ հատորի դեպքում), որոնք կօգնեն ընթերցողին նյութն ընկալել տվյալ շրջանի իրավիճակների եւ իրողությունների համատեքստում։
Ներկայացնելով հրատարակված ու անտիպ գործերի՝ առանձին գրքով հրատարակելու պատճառները՝ քիչ անց հեղինակը այդ շարքը լրացնում է.
«Ի մտի ունենալով 2020 թվականի պատերազմն ու անոր հետեւանքները՝ այս նյութերու հաւաքաբար վերահրատարակութեան պատճառներուն կարժէ նաեւ աւելցնել հետեւեալը. ոչ ոք իրաւունք ունի ըսելու՝ «չէինք գիտեր, չէինք կրնար գիտնալ»։ Որովհետեւ այն, ինչ պատահեցավ, կանխատեսելի էր ե՛ւ կանխատեսված՝ ինչպէս այս նիւթերու առաջին հրատարակութեան թուականները ցոյց կուտան»։
Կարծում ենք, որ հենց սա է, որ կարելի է համարել եւ պետք է լինի նմանօրինակ նյութերի հրապարակման ու վերահրապարակման առաջնային դրդապատճառն ու նպատակը։ Մի բան է, երբ պատմությունն ու քաղաքական իրադարձությունները իմաստավորվում, ճիշտն ու սխալը առանձնացվում են դեպքերից, որոշակի իրադարձությունների ամբողջացումից ու հետեւանքների (մանավանդ՝ աղետալի հետեւանքների) առկայությունից ու արձանագրումից հետո։ Դա անհամեմատ հեշտ է։ Սակայն այդ անհամեմատ հեշտն անգամ հաճախ չի արվում եւ հասու չի լինում շատերին։ Հայաստանի առաջին հանրապետության պատասխանատուներից, այդ շրջանի մտավորականներից ոմանք, օրինակ, միայն հետին թվով դա կարողացան անել հրապարակավ, ավելի շատերը այդ էլ չկարողացան կամ չուզեցին անել։ Եթե այս (հետին թվով իմաստավորման ու գնահատման) դեպքում դա ավելի շատ բարոյականության հարց է, ապա ժամանակին, դեպքերի ու իրադարձությունների հենց ընթացքում ճշմարտությունն ասելը, առավել եւս անդուլ ջանքերով այն գործնական քայլերի վերածելու ունակությունն է, որ քաղաքական գործչի, քաղաքական ուժի ու նաեւ մտավորականի պարտքն ու կոչումն է։ Մինչդեռ դա դժվար է այնքանով, որքանով, որպես կանոն, նման վարքը եւ գործելակերպը հանդիպում է, մի կողմից՝ հուզական հիմքով ձեւավորված հասարակական սրբագործված պատկերացումների ծանր իներցիային, մյուս կողմից՝ այդ իներցիան շահագործելով՝ դրա վրա «քաղաքականություն» անող ուժերի կատաղի դիմադրությանը։
Դա կարողացան անել Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը եւ նրա քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման իշխանությունը։
Ժիրայր Լիպարիտյանը, որպես մտավորական ու քաղաքական ասպարեզի անհատ, ուներ նույն որակները եւ ամենեւին պատահական չէր, որ, ի հեճուկս Ղարաբաղյան շարժման, մասնավորապես՝ Արցախի ինքնորոշման եւ Հայաստանի անկախության գաղափարների դեմ այդ պահին իր ներկայացրած կուսակցության (ՀՅԴ) կոշտ դիրքորոշման, ի սկզբանե ջերմորեն պաշտպանեց Շարժումը, ապա նաեւ կարեւոր պաշտոններ ստանձնեց Հայոց համազգային շարժման իշխանության մեջ՝ անուրանալի նպաստ բերելով հատկապես դիվանագիտության ասպարեզում։
Եթե ժողովածուում ընդգրկված նյութերը, այսպես ասենք՝ թեմատիկ առումով բաժանված են վեց առանձին բաժինների, ապա առանցքային գիծը, որ անցնում է բոլոր նյութերի միջով, քաղաքական իրատեսությունն է՝ հակադրված ազգայնականությանը, ավելի ճիշտ՝ վերջինիս դրսեւորման կեղծ ձեւերին՝ մարդկանց ազգային զգացումների շահագործմանը։ Ու այն բանից հետո, երբ այս երկրորդը 1998-ից հաղթանակ է տարել առաջինի՝ քաղաքական իրատեսության նկատմամբ՝ որպես հետեւանք ունենալով 44-օրյա պատերազմի բերած աղետները, Ժ. Լիպարիտյանը այն գործիչներից է, որն իրավունք ունի արձանագրելու. «Ոչ ոք իրաւունք ունի ըսելու՝ «չէինք գիտեր, չէինք կրնար գիտնալ»։ Որովհետեւ այն, ինչ պատահեցավ, կանխատեսելի էր ե՛ւ կանխատեսված…»։
Հեղինակն անմիջապես էլ շեշտում է, որ դա չի ասում պարծենալու համար, թե ինքը ժամանակին ճիշտ է եղել։ Խնդիրն այն է, որ անգամ այս դեպքում այդ ճիշտը չի ընդունվում՝ դրանով իսկ բաց թողնելով դուռը նոր աղետների համար։
Այո, ամեն ինչ կանխատեսելի էր, կանխատեսված, ընդհուպ թվաբանական ճշգրտությամբ համոզիչ հաշվարկված ու ներկայացված տարիներ շարունակ։ Ավելին՝ 90-ականների շուրջ տասնամյա փորձով ցույց էր տրված, թե ինչպիսի քաղաքական արդյունքների կարող են հանգեցնել ազգայնական պատրանքները մի կողմ դնելը, հակառակ դրանց՝ իրատես քաղաքականությամբ առաջնորդվելը։
Ուստի խնդիրը մնում է այն, թե ինչու նույն ակնհայտ բաները չէին կարողանում տեսնել ուրիշները՝ թե՛ նույն 90-ականներին, թե՛, մանավանդ, 1998 թվականից հետո, 25 տարի շարունակ: «Կամ տեսան ու չուզեցին ընդունիլ։ Կամ նոյնիսկ եթե ընդունեցին, ապա այդ հիման վրայ չէ, որ քաղաքականութիւն մշակեցին ու վարեցին», ինչը եւ ի վերջո հասցրեց հայտնի աղետին։ Իսկ նման հարցադրման ու խնդրի կարեւորությունը բազմապատկվում է, քանի որ անգամ վրա հասած աղետից հետո շատ-շատերը «չեն կարողանում» կամ «չեն ուզում» տեսնել ակնհայտը, իսկ դա, իրոք, հղի է նոր աղետների անխուսափելի վտանգով։
Ժողովածուի նյութերի միջով անցնող վերը նշված առանցքային այդ գիծը կամ գաղափարն է ամփոփում ու ներկայացնում գրքի «Նախաբանին» հետեւող ընդարձակ «Ներածականը»։
Այստեղ մանրամասն ներկայացված են օբյեկտիվ գործոնները՝ պատմական իրողությունների տեսքով, որոնք հիմք են հանդիսացել հայ հասարակության պատկերացումների ձեւավորման համար։ Ներկայացված են նաեւ այն սուբյեկտիվ գործոնները՝ մտավորականության ու քաղաքական ուժերի քարոզչության տեսքով, որոնք զուտ մարդկային, ընդ որում՝ հաճախ բնական ու ազնվագույն զգացմունքների եւ հույզերի վրա հենվող այդ պատկերացումները խորացրել եւ սրբագործել են որպես «հայրենասիրական»՝ հակադրելով դրանք իրատեսությանը, իրատես քաղաքականությանը, քաղաքական ընկալմանը.
«Կան մարդիկ, որոնց համար պահանջելը ավելի կարեւոր է, քան ստանալը, եւ որոնք առավելագոյն պահանջատիրութիւնը կը նոյնացնեն գերագոյն հայրենասիրութեան հետ»։
Հասկանալի, գուցեեւ բնական է, երբ մարդու պատկերացումների հիմքում զգացումներն են, հույզերն ու երազանքները։ Անհասկանալի ու անբնական է, երբ դրանցով են առաջնորդվում (կամ ձեւացնում են, թե դրանցով են առաջնորդվում) քաղաքականությամբ զբաղվողները։ Որովհետեւ քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, գիտություն, ասպարեզ, որը բացառում է դրանք։ Ուրեմնեւ՝ այդպես վարվողները իրականում ոչ թե երկրի, պետության, ժողովրդի շահերի հետապնդման խնդիր ունեն (դա է քաղաքականության առարկան), այլ բոլորովին ուրիշ շարժառիթներ եւ հիմքեր։ «Պատրանքային ազգայնականություն» բնորոշելով այս ամենը՝ Ժ. Լիպարիտյանը արձանագրում է, որ այն դավանող ուժերը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից կատաղի պայքար են մղել քաղաքական իրատեսության դեմ.
«Իրատեսական քաղաքականութեան եւ պատրանքային ազգայնականութեան միջեւ պայքարին մաս կազմած է հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ իր վարչակարգի դէմ պատերազմը։ Պատերազմ մը, որ սկսած էր նոյնիսկ նախագահի՝ իր պաշտօնէն ընտրուելէն առաջ, բայց համակարգուած ու ուժեղ բնոյթ ստացած՝ այդ պաշտօնակատարութեան ընթացքին եւ իր հրաժարականէն ետք»։
Եվ, վերջապես, ի՞նչն է եղել եւ է այդ, մեղմ ձեւակերպմամբ, «պատրանքային ազգայնականության» կրողների գործունեության իրական շարժառիթը, երբ հաճախ ամեն ինչ այնքան պարզ է, այնքան շոշափելի ու առարկայական։ Էլ չխոսած՝ արդեն կատարվածի, արդեն առարկայացած իրողությունների ու փաստերի անտեսման մասին։
Նկատի ունենալով հայդատական պահանջատիրությունը՝ Ժ. Լիպարիտյանի պատասխանն այսպիսին է.
«Այդ պահանջներն իրականութեան մէջ ուղղուած են ներքին շուկայի, Հայաստանի թէ Սփյուռքի մեր ժողովուրդի սպառման։ Հայդատականները կօգտագործեն մեր ժողովուրդի՝ մեծ ոճիրի մը եւ անարդարութեան ենթարկուածի զգացումը՝ ներքին քաղաքական օրակարգը սահմանելու եւ այդ հիման վրայ ղեկավար ու հայրենասէր ներկայանալու համար»։
Բայց սա ընդամենը պարզ խաբեություն, միայն բարոյապես դատապարտելի մի զբաղմունք չէ դիրք եւ համարում ձեռք բերելու համար։ Նկատի ունենալով այս երեւույթի հետեւանքները՝ դա ծանրագույն հանցանք է, գիտակցված ծանրագույն հանցանք, որի հետեւանքները ողբերգական են լինում ամբողջ մի ժողովրդի համար.
«Հայդատական/պահանջատիրական մօտեցումը ոչ միայն օգտակարութիւն չունի եւ արդյունք չի տար, այլ նաեւ կառաջնորդէ սխալներու։ Անոր լաւագոյն օրինակը այդ առաւելապաշտութեան ձեւով Ղարաբաղի հարցին կիրառած դիրքորոշումն էր, որ մեզ տարավ 2020 թվականի պատերազմին՝ իր բոլոր անասելի կորուստներով ու անդառնալի հետեւանքներով»։
Ու սա էլ դեռ ամենը չէ.
«Հայդատական պահանջատիրութիւնը, նաեւ իր անիրատես էութեամբ, այն զէնքերէն մէկն է, որ կը գործածուի ներկա անկախ Հայաստանի արժեքը չեզոքացնելու եւ անկախութեան գաղափարը նսեմացնելու համար»։
***
Ժիրայր Լիպարիտյանի այս (ինչպես նաեւ նախորդ) ժողովածուն պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է Հայոց նորագույն պատմության համար, իսկ առանձին դրվագների դեպքում՝ հենց գիտական արժանահավատ պատմություն։ Քիչ է պատահում, երբ նման գործերի հեղինակը բարձրակարգ պատմաբան է, նույնպիսի քաղաքագետ եւ տվյալ իրադարձությունների խոհանոցում եղած գործիչ-պաշտոնյա միաժամանակ։ Նա կարիք չի ունեցել դրական կողմով չափազանցելու այն իշխանության որակներն ու ձեռքբերումները, որի գաղափարները կիսել եւ որի մաս է կազմել ինքը։ Կարիք չի ունեցել, քանի որ այդ առումով եղած իրողությունները եւ գրանցած քաղաքական արդյունքները գուցեեւ շատ ավելին են ու չափազանցման կարիք չունեն։ Նույն կերպ նա կարիք չի ունեցել բացասական կողմով չափազանցելու նույն այդ իշխանությանը հակադրված ուժերի գաղափարական սնանկությունը եւ բերած վնասները, քանի որ դրանք էլ շատ ավելին են, քան կարելի է միայն պատկերացնել։
Որպես «պատմական արժեքավոր աղբյուր» որակելով այս ժողովածուն՝ մենք, ցավոք, ստիպված էինք չօգտագործել «նախ եւ առաջ» արտահայտությունը։ Այն կարելի կլիներ օգտագործել, եթե գեթ հիմա հայ քաղաքական միտքը՝ լինի իշխանական թե ընդդիմադիր, առարկայացած արհավիրքից հետո ազատված լիներ վերջապես այն ծնած «պատրանքային հայրենասիրությունից», վերադարձած լիներ իրատես քաղաքականության սկզբունքներին։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, այսօրինակ գործերի հրապարակումները դեռ շարունակելու են մնալ որպես կենսական այդ խնդիրն արձանագրող, շեշտող եւ լուծելու ճանապարհները ցույց տվող ձեռնարկ, դասագիրք։