Թբիլիսիում օրերս տեղի ունեցած «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման ընթացքում նախանշվել են 2023-ին ընկերությունների համագործակցության ծրագրերը։
Հիմնական հարցերից մեկը «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության համաձայնեցումն էր, որի շրջանակում սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի եւ ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաեւ կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։
Քննարկվել են նաեւ միջազգային ուղեւորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր, ներառյալ 2023-ի ամռանը Երեւան-Բաթում-Երեւան գնացքի երթեւեկության կարգը։ Կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երեւան-Բաթում-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի ամենօրյա երթեւեկությունը նախատեսող երթեւեկության ժամանակացույցը։
2023-ին նախատեսվում է նաեւ անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացմամբ եւ հաշվի առնելով «Հարավկովկասյան երկաթուղու» առաջարկները։ Ուղեւորների համար այս ծառայությունը կընձեռի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի գործող տարբերակում: