Ըստ Financial Times պարբերականի՝ Եվրամիությունը ԱՄՆ-ում ԵՄ նախկին ներկայացուցիչ Դեւիդ Օ’Սալիվանին մտադիր է հակառուսական պատժամիջոցների հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել։ Նրա առաքելությունը կլինի հետեւելը, որ ամբողջ աշխարհում խստագույնս պահպանվեն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, հարկ եղած դեպքում նաեւ՝ տույժերի կիրառումը։
Հատուկ ներկայացուցիչը հետեւելու է հատկապես, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Թուրքիան է, թույլ չտան Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Վաշինգտոնն ու Բրյուսելը պնդում են, որ Անկարան պետք է միջոցներ ձեռնարկի պատժամիջոցներով արգելված ապրանքները Ռուսաստան ներկրելու դեմ։ Հատուկ ներկայացուցչի ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ Սերբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հակառուսական պատժամիջոցների հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը Եվրահանձնաժողովն ամենայն հավանականությամբ կքննարկի այսօր՝ դեկտեմբերի 13-ին։ Դեւիդ Օ’Սալիվանը նշանակման դեպքում իր պաշտոնավարումը կսկսի հաջորդ տարվա հունվարից։ Ներկայում Դեւիդ Օ’Սալիվանը ղեկավարում է Իռլանդիայի Միջազգային եւ եվրոպական գործերի ինստիտուտի վերլուծական կենտրոնը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը