Սեւաժայռ մտնելիս էլ հարց չի ծագում՝ ինչպես է գյուղի անունն առաջացել․ բնակավայրը հսկա սեւ ժայռի ստորոտին է։ Անանձնագիր ու աշխարհից կտրված այս փոքրիկ բնակավայրին տեղաբնակներից բացի քչերն են ծանոթ։
Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղը երբեք առանձին վարչական միավոր չի եղել, հարեւան Վարդահովիտին է կցված։ Թեեւ Վարդահովիտն էլ է փոքր գյուղ՝ մոտ տասը մշտական բնակվող ընտանիքներով, բայց Սեւաժայռի համեմատ մեծ բնակավայր է համարվում։
Սեւաժայռը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, 1988-ից հետո է բնակեցվել հայերով։ Բնակլիմայական պայմանները լավն են անասնապահության ու մեղվաբուծության համար։ Տարիներ առաջ գյուղում մշտաբնակ ընտանիքները համեմատաբար շատ են եղել, գյուղատնտեսությամբ են զբաղվել, դպրոցահասակ փոքրաթիվ երեխաներն էլ հաճախել են հարեւան Վարդահովիտի հիմնական դպրոց։
Հիմա փոքրիկ գյուղում մնացել են միայն սեզոնային բնակիչները, որ տաք ամիսներին գյուղում անասնասնապահությամբ են զբաղվում, ձմեռներն էլ տեղափոխվում հարեւան գյուղեր, հիմնականում՝ Շատին։
Գյուղի մշտաբնակները երկուսն են՝ ընտանիք չէ, անձ։ Էմմա տատն ու նրա որդին գյուղի հիմնական բնակիչներն են։ «Մի գյուղ՝ մի ընտանիք» բանաձեւին իրենց կամքից անկախ են սովորել․ իրենք գյուղն են պահում, գյուղն՝ իրենց։ Էմմա տատի վերջին մշտական հարեւանները երեք-չորս տարի առաջ են հեռացել գյուղից։ Հիմա տատի սիրելի եղանակն ամառն է, երբ գյուղում իրենցից բացի այլ մարդկանց աղմուկ ու ծիծաղ կա։
Ամբողջ գյուղով հավաքվում են Էմմա տատի բակում, վայելում նրա պատրաստած սուրճն ու գաթան, խոսում իրենց մոռացած աշխարհից։
Սեւաժայռցի Մարատ Ղարիբյանն Էմմա տատի ամենահավատարիմ հյուրերից է։ Թեեւ ձմռանը Շատին է տեղափոխվում, բայց հաճախ է գնում-գալիս, գյուղ մտնելիս էլ անպայման ացելում է բնակավայրի մշտաբնակներին։
Մարատը 1991-ից է Սեւաժայռում ապրում՝ գնալ-գալով։ Գյուղը սիրում է, բայց խոստացված ապագային չի հավատում։ Հետո էլ դիմում է մեզ․ «Դուք էդ ճանապարհով որ գալիս էիք, ապագան երեւա՞ց»։ Նկատի ունի հարեւան Վարդահովիտ բերող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, որ կառուցումից ի վեր ասֆալտ չի տեսել։
Նայում է մեր «բարձր» ավտոմեքենային ու համբերատար ժպտում․ «Դուք էլ գիտեք, որ էստեղ դրանից բացի այլ բանով հասնել չեք կարող։ Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ հույս, ո՛չ հիշող»։
Մարատ Ղարիբյանը հիշում է՝ տարիներ առաջ գյուղում շատերն են անասուն պահել, լավ եկամուտ ստացել, ինքն էլ 40-50 խոշոր եղջերավոր անասուն է ունեցել։ Տարեցտարի պայմանները դժվարացել են, վաճառքի գինը՝ իջել։ Շատերը ստիպված են եղել ամբողջը վաճառել, այլ բանով զբաղվել։ Գյուղում էլ ուրիշ գործ չկա, հեռացել են։
Իրենք հեռացել են, սահմանը՝ մոտեցել։ 44-օրյա պատերազմից հետո Սեւաժայռը Ադրբեջանի տիրապետության տակ անցած Քարվաճառից մի քանի կիլոմետր է բաժանում։ Սահմանապահ դարձած մի քանի գյուղացիներն ասում են՝ գոնե հիմա բարձր աթոռներից իրենց կողմ նայեն, մի քայլ անեն, լուծում առաջարկեն․․․
Էմմա տատի ձմեռային առօրյան 7։30 է սկսվում ամռան 6։00-ի փոխարեն։ Կես տարի ձգվող ձմեռներին սուրճը մենակ է խմում, եթե որդին աշխատանքի է լինում։
Սուրճի ընկերոջը կարոտ՝ անցնում է մյուս գործերին՝ ձեռքով լվացք անում, կենդանիներին կերակրում, պանիր պատրաստում։ Վառարանին էլ ամբողջ օրը կաթսայով ջուր կա, որ տաք ջրի պակաս չլինի։ Երեկոներն անցնում են հեռուստացույցի դիմաց, բայց դժգոհում է՝ մի կարգին բան ցույց չեն տալիս։
Տատը ժպիտով է հիշում թոնրի լավաշի թխման արարողակարգը․ գյուղով մեկ հավաքվում էին ու մի ամբողջ օր միասին ե՛ւ հաց թխում, ե՛ւ ասում-խոսում, վերջում էլ գաթան իջեցնում թոնիր։ Հիմա գրտնակ անողն էլ, թխողն էլ ինքն է․ թոնրի կրակը վառ պահող չկա, էլեկտրական վառարանին են անցել։ Ամանորին սիրով է սպասում Էմմա տատը․ երեխաներն ու թոռներն անպայման հավաքվում են իր տանը, միասին տոնում։ Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են խաղաղության համար կենացները։
Թոնրի կրակը՝ ոչինչ, Սեւաժայռում ուզում են՝ օջախների կրակները վերջնականապես չմարեն։ Այս վերջին մշտաբնակ տան կրակն էլ որ հանգի, Սեւաժայռն ո՞վ կհիշի։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: