Երեւանում Եվրոպական միության ֆինանսավորած «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված էքսպո անցկացրեց։ Կոալիցիայի անդամ ՀԿ-ներն էքսպոյի ընթացքում ներկայացրին, թե ինչ ծառայություններ են մատուցում եւ ինչ արտադրանք են ստեղծում։ Դրանցում ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք։ Էքսպոյի ընթացքում վաճառք չկազմակերպվեց, քանի որ միջոցառման հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի եւ կարողությունների մասին իրազեկելն էր։
Էքսպոյի ընթացքում իր պատրաստած հացերով եւ թխվածքաբլիթներով ներկայացավ նաեւ «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը։
«Արեգակ»-ը ստեղծվել է Գյումրիում 2018-ին Եվրամիության, Ավստրիայի զարգացման գործակալության, «Կարիտաս Ավստրիայի» համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացրել է «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Փուռ-սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը։
«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամը հոգացել է, որ աշխատող մայրերի երեխաները խնամքի եւ հոգատարության պակաս չունենան։ Այն ժամերին, երբ մայրերն աշխատում են, նրանք հաճախում են «Էմիլի-Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման եւ խնամքի կենտրոն։ «Էմիլի-Արեգակ» կենտրոնի ծրագիրը եւս «Հայկական Կարիտասն» է իրականացրել, եւ նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց ներառականությունն ապահովելը։
«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ փուռ-սրճարանը նորություն էր Գյումրիում։
Սրճարանի այցելուները չեն նկատում այնտեղ աշխատող անձի կարողությունները, պարզապես տեսնում են, որ աշխատում են հմուտ մասնագետներ։ «Արեգակ»-ում աշխատում է 16 հոգի․ մեծ մասը հաշմանդամություն (Դաունի համախտանիշ, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված) ունեցող անձինք են։
«Սրճարանում աշխատող մարդիկ ավելի ինքնավստահ են դարձել, նրանք զբաղվածություն ունեն, կարողանում են իրենց ընտանիքի սոցիալական բեռը թեթեւացնել։ Սա հիանալի օրինակ է մեր աշխատաշուկայի համար, որն ապացուցում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություններն ու կարողությունները պետք է օգտագործել եւ նրանց աշխատելու հնարավորություն տալ»,- պատմեց Տիգրանուհի Հակոբյանը։
Սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցողներ եւ չունեցողներ։ Գրիշան «Արեգակ»-ում բարմենի օգնական է աշխատում։
«Սուրճ եւ այլ ըմպելիքներ եմ պատրաստում։ Սրճարանը փոխել է իմ կյանքը։ Սիրում եմ աշխատանքս, բազմաթիվ նոր ընկերներ եմ գտել»,- ասաց Գրիշան։
Սրճարանում միշտ ջերմ մթնոլորտ է։ Տարբեր հնարավորություններ ունեցող երիտասարդները համատեղ ջանքերով եւ արդյունավետ աշխատանքով ամեն օր վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հմտորեն աշխատել, իրենց գործի վարպետը լինել, զբաղվածություն ունենալ ու վաստակել, ինչպես մյուսները․
««Արեգակ» փուռ սրճարանում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք կոտրեցին բոլոր կարծրատիպերը՝ ապացուցելով, որ իրենք ոչ միայն կարող են որակյալ արտադրանք ստեղծել, այլեւ սպասարկման ոլորտում անթերի կատարել իրենց աշխատանքը»,- եզրափակեց «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։