ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Ադրբեջանի՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հարցով դիմել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին։ Կոնգրեսականը տեղեկացել է, թե Միացյալ Նահանգները կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Արցախում ապրող հայերի համար եւ հետագայում ինչ է ձեռնարկելու՝ առանց վտանգելու արցախահայությանը։
Դոնֆրիդն ի պատասխան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է հարցին եւ ընդգծել, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի եւ խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք արել վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով եւ հավատում ենք, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Դոնֆրիդը։
Կոնգրեսականը շեշտել է, որ կողմերը հանդիպել են երկու շաբաթ առաջ, այնուհետեւ Դոֆրիդի հետ քննարկումներ են ունեցել, ինչից հետո տեղի ունեցավ միջանցքը փակելու միջադեպը։
Դոնֆրիդը պատասխանել է, թե ճակատագրի բերումով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնում է, եւ ինքը հնարավորություն կունենա հարցը հենց նրա հետ քննարկելու։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, թե կշարունակի պնդել ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտությունը։