Ըստ The Foreign Policy-ի՝ ԱՄՆ բանակն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին պատերազմական գործողությունները՝ նոր ռազմավարություն ստեղծելու համար: Թերթը նշում է, որ Արցախյան պատերազմն անօդաչու թռչող սարքերի օգտագործման բարձր արդյունավետություն է ցույց տվել:
Ադրբեջանը զգալի հաջողությունների հասավ պատերազմում հատկապես թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր ու բարաժող (պարեկություն անող սարք) կիրառելու շնորհիվ, ասել է ԱՄՆ բանակի ասիմետրիկ պատերազմի հարցերով ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Սքոթ Շոուն, նշելով, որ դրանք ոչնչացնում էին հայկական բանակի մեծ թվով ավտոշարասյուն և զրահատանկային ուժեր՝ նախքան առաջնագիծ կհասնեին:
Ռազմական փորձագետը թեեւ կասկածի տակ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ թուրքական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Բաքուն կարողացավ ոչնչացնել հայերի ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն, այնուամենայնիվ, ըստ Սքոթ Շոուի՝ նման տեխնիկայի արդյունավետությունն ապացուցված է:
Շոուն ընդգծել է, որ ապագայում ամերիկյան բանակը մտադիր է վերանայել բանակի ռազմավարությունը եւ թարմացնել իր սարքավորումները: Շուտով անօդաչու թռչող սարքերը զգալի դեր կխաղան ռազմական հակամարտություններում, ընդգծել է փորձագետն ու նկատել, որ ժամանակակից ռազմաօդային ուժերը հասանելի են ոչ միայն Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նման գերտերությունների, այլեւ քիչ ապահովված պետությունների համար: