ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը միացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կոչին ու համատեղ հրապարակել է «Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետեւանքների մասին» զեկույցը։
Համատեղ զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։ Փաստեր են ներկայացված նաեւ անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար»,– գրել է նա։
Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ին կատարված իրադարձությունների վերլուծության վրա։ Իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքման ու հաստատման համար ՀՀ ՄԻՊ հաստատությունը 24-ժամյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ դերակատարների հետ։