Կառավարության որոշմամբ 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաեւ գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի:
Համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաեւ գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2022-ի հոկտեմբերի 5-ը։
Սակայն ներկայում քաղաքացիական անձանց շրջանում կան շարունակական աջակցության կարիք ունեցող անհայտ կորածների ընտանիքներ: Խնդրի լուծման նպատակով առաջարկվող փոփոխությունով այդ անձանց ընտանիքները եւս 2 ամիս՝ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն կստանան, որի համար կարող են դիմում ներկայացնել մինչեւ 2022-ի դեկտեմբերի 20-ը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2022-ի դեկտեմբերը ներառյալ: Արդյունքում կշարունակվի աջակցություն տրամադրվել դեռեւս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին: