Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Գերմանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Միխայել Մյուլլերը հայտարարել է, որ քաղաքի Սենատի որոշմամբ ապրիլի 2-ից Բեռլինում պարետային ժամ կսահմանվի. 21:00-05:00-ը: Այդ ժամանակահատվածում փողոցում միեւնույն ժամանակ կկարողանա գտնվել միայն երկու մարդ:
Նա նշել է, որ պարետային ժամը կրկին լուրջ խոչընդոտ կդառնա, սակայն միակ ելքն է, քանի որ վարակները փոխանցվում են անմիջական շփման ժամանակ:
Մյուլլերն ընդգծել է, որ Զատկի տոնին Բեռլինի բնակիչներին կթույլատրվի հանդիպել «երկու տնային տնտեսության անդամներ՝ առավելագույնը 5 մարդ» սկզբունքով, այն էլ ցերեկային ժամերին, երբ պարետային ժամը չի գործում: Իսկ ապրիլի 6-ից այդ օրենքը կփոխվի: Հանդիպումները կթույլատրվել «մեկ տնային տնտեսության անդամների միջեւ+մեկ մարդ» ձեւաչափով:
Սահմանափակումները խստացվել են Գերմանիայի մի քանի երկրամասերում եւս։ Համբուրգում այսօր գիշերային պարետային ժամ կմտցվի։
Հարության տոնից առաջ եվրոպական շատ երկրներ, մասնավորապես Նիդերլանդները, Չեխիան, Սլովակիան, հիվանդացության նոր աճի պատճառով հետաձգել են կարանտինային սահմանափակումների մեղմացումը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ մի քանի դեպարտամենում գործող խիստ սահմանափակումները կտարածվեն ամբողջ երկրի վրա՝ բացի անդրծովյան տարածքներից։
Ապրիլի 1-ից Ավստրիայի մի քանի շրջաններում, նաեւ մայրաքաղաք Վիեննայում, մտցվել է արդեն չորրորդ խիստ կարանտինը։ Նոր կարանտինի պատճառը բրիտանական շտամմի ակտիվ տարածումն է, որը կտրուկ մեծացրել է հիվանդների թիվը:
Նշենք, որ այս տարի Արեւմտյան Եվրոպայում Զատիկը կտոնեն ապրիլի 4-ին: