Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը, ապա՝ Հակոբ Ասլանյանը հայտարարել են, թե ժամանակին ՄԱԿ-ն իր բանաձեւերով ագրեսոր է ճանաչել Հայաստանին։
Դեկտեմբերի 2–ի ԱԺ արտահերթ նիստում Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, թե «Մեր սխալն էլ էն էր, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանություններ ավար բաժանելու նպատակով, որ իրանք են փրկել աշխարհը եւ Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ բազմաթիվ որոշումների, եւ Հայաստանը դարձավ օկուպանտ ՄԱԿ-ի որոշումներով։ Հիմա մենք դասեր ենք քաղում այդ սխալներից»։
Իսկ Հակոբ Ասլանյանն էլ օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե «Դուք կարդացեք 1992 թվականի գարնանը եւ ամռանը Միավորված ազգերի կազմակերպության ընդունած որոշումները, երբ հստակորեն նշվում էր, որ հայկական զորքերը ագրեսոր են եւ գրավում են Ադրբեջանի տարածքները»։
Նախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության վերաբերյալ չորս բանաձեւերը ո՛չ 1992 թվականին է ընդունել, ո՛չ էլ 1994–ին՝ հրադադարի հաստատումից հետո։ ՄԱԿ-ի բանաձեւերն ընդունվել են 1993-ին, երբ Ղարաբաղում ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ, եւ հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել ԼՂԻՄ-ի հարակից տարածքները։ Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլին, ապա՝ հուլիսին, ապա՝ հոկտեմբերին եւ նոյեմբերին չորս բանաձեւ ընդունեց։
Այդ չորս բանաձեւերից ոչ մեկում Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչվել ո՛չ օկուպանտ, ո՛չ էլ ագրեսոր։
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, նույնիսկ տողատակերում նման միտք չես հանդիպի։ Փաստաթղթերը պաշտոնապես թարգմանված են մի քանի լեզուներով ու հրապարակված են համացանցում։ Ասվածի իսկությունը ստուգելու համար առանձնապես մեծ ջանք պետք չէ։
ՄԱԿ ԱԽ բանաձեւերում խոսվել է Լեռնային Ղարաբաղի «տեղի հայկական ուժերի» (Armenian local forces) մասին, իսկ Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել օգտագործելու իր ազդեցությունը ԼՂ հայերի կողմից նախորդ բանաձեւերի կատարումն ապահովելու համար։ Այսինքն՝ կոնֆլիկտում որպես հակամարտող կողմ ճանաչվել էր ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանին վերապահված էր ընդամենը շահագրգիռ կողմի դերը։
Սա ԼՂ խնդրում Լեւոն Տեր–Պետրոսյանի իշխանության մեծագույն, ընդ որում՝ հիմնարար դիվանագիտական հաջողություններից մեկն էր, որն անկյունաքարային նշանակություն ունեցավ բանակցային գործընթացի վրա։
Պատահական չէ, որ բացի այդ՝ 1992 թվականին ԱՄՆ-ն ընդունեց «Ազատության աջակցության հայտի» 907-րդ բանաձեւը, որով արգելվում էր ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Ի դեպ, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էր փորձում սեփական ձախողումները կոծկելու համար իրենց ցանկալի ձեւակերպումներով ներկայացնել ու մեկնաբանել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը՝ խեղաթյուրելով դրանց բովանդակությունը (նման փորձ արել էր այն ժամանակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ասելով, թե այդ բանաձեւերում ամրագրված է «գրավյալ տարածքներ» արտահայտությունը)։
Հիմա նույնը անում են ՔՊ–ականները, այս անգամ՝ իրենց իշխանության «շնորհիվ» պատուհասած աղետն արդարացնելու նպատակով։ Հազիվ թե ՔՊ-ական պատգամավորերի խեղաթյուրված պնդումները լինեն չիմացության հետեւանք։ Այս տարիներին ՄԱԿ ԱԽ բանաձեւերի մասին շատ է խոսվել եւ մշտապես շեշտվել է, որ Հայաստանը դրանցում չի ճանաչվել ագրեսոր։
Բացի այդ՝ երբ երբեմնի ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանն էր ԱԺ–ում խեղաթյուրել իրողությունները, հասարակական–քաղաքական դաշտում որոշակի աղմուկ բարձրացավ, եւ լրտվամիջոցներում մերկացվեց նրա սուտը։ Մինչդեռ մի քանի օր անց նույնը կրկնում է այդ խմբակցության անդամ մեկ այլ պատգամավոր, ընդ որում՝ կրթությամբ պատմաբան Ասլանյանը։ Իսկ սա հազիվ թե պատահականություն լինի կամ պարզ չիմացության հետեւանք։ Պարզապես իշխանությունը փրփուրներից է կառչել եւ սեփական ձախողումներն արդարացնելու համար դիմում է ամեն միջոցի, անգամ ադրբեջանական բառապաշարի օգտագործման (ընդ որում՝ փաստերի խեղաթյուրմամբ)։
Բայց դե ի՞նչ ակնկալես մի իշխանությունից, որն իր ձախողումներն արդարացնելու համար մեղավորների է փնտրում ամեն քայլափոխի․ մեղավոր են նախկինները, մեղավոր է միջազգային հանրությունը, մեղավոր են անգամ ՀՀ Անկախության հռչակագիրը, ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Կարճ ասած՝ ամենքը եւ ամեն ինչ, բացի, իհարկե, գործող իշխանությունից։ Նրանք ընդամենը փորձել են «շտկել այդ սխալներն ու պայքարել»։ Ճիշտ եւ ճիշտ հայտնի հերոսի նման․
Ի զո՜ւր հայրը երկար–բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ’ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր, այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել եւ ամեն անգամ որ «Ի՞նչ կ’ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
— Կը շինեմ կոր։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: