ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով:
Քննարկվելու են կազմակերպության ներսում համագործակցության զարգացման հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր: Պատվիրակությունների ղեկավարները ընդունելու են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք մայիսի 28-ին կներկայացվեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, հոկտեմբերի 15-ին՝ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը եւ գագաթնաժողովը կանցկացվեն Մինսկում:
ԱՊՀ ԱԳ նախարարների ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին՝ տեսակապով:
ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։
Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։