Ռուսաստանի կառավարությունը ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին որոշում է ընդունել: Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ծրագիրը ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը արդյունավետ դարձնող գործիք է: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, ցանկին վերջերս միացել է նաեւ Ղրղզստանը:
«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ եւ անվտանգ տեղաշարժի համար եւ գործարկվում է փետրվարի 1-ից: Ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի պատասխանը՝ QR կոդի տեսքով։
Ցանկում ներառված ԵԱՏՄ երկրներ մեկնել ցանկացողները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Պատասխանը մուտքագրելուց հետո թեստի պատասխանն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գույն, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։