Ադրբեջանը խելոք է վարվում: Ցույց է տալիս, որ իրեն Զանգեզուրի միջանցք է պետք: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որը ոչնչով չի կարող ազդել ռուս խաղաղապահների վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց գործը, եւ միաժամանակ չի կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին, քանի որ չի կարող ասել՝ հավաքվե՛ք, եկե՛ք Հայաստան:
Ուրեմն ի՞նչ կարող է անել Հայաստանը: Նա կարող է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համարժեք մի համաձայնագիր ստորագրել, դիցուք, Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության հետ, ըստ որի՝ 5 տարով Ադրբեջանին տրամադրում է միջանցք, որտեղ դրության տերը երրորդ պետության խաղաղապահներն են: Համաձայնագրում նախատեսվում է կետ, որ հինգ տարի հետո Հայաստանը միակողմանիորեն կարող է դադարեցնել միջանցքում խաղաղապահների գործունեությունը:
Այդքան հեշտ, իհարկե, ոչ ոք Հայաստանին չի թողնի միակողմանիորեն դադարեցնել խաղաղապահների գործունեությունը, բայց այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, լուծման երկու տարբերակ ունի՝ կա՛մ ղարաբաղցիներին ասում ենք՝ հավաքվե՛ք, եկե՛ք Հայաստան, որը չի կարող առանց ցամաքային հուսալի ճանապարհի պաշտպանել ձեր իրավունքները ձեր հողում, կա՛մ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, որի վերջն ավելի պատկերացնելի է:
Հայաստանը մենակ է. պատրանքներ ունենալ պետք չէ: Կա նաեւ երրորդ տարբերակը՝ Ղարաբաղը համաձայնում է ապրել Ադրբեջանի կազմում ադրբեջանցիների հետ առանց առանձնահատուկ իրավունքների ընդգծման, քանի որ այդպիսին է Ալիեւի կամքը, ու դա չի վիճարկվում, եթե նույնիսկ ամբողջ ազգով դառնանք Նժդեհ:
Մեղրիի միջանցքը չզիջելու գինը սա է: Եթե ՀՀ իշխանությունները մեղավոր են (նրանց մեղքը դրանից շատ առաջ է սկսվել, երբ ոչ մեկը չգնաց կամավոր զոհաբերության), այսինքն, եթե նրանք մեղավոր են, որ չեն կարողանում պաշտպանել ղարաբաղցիների իրավունքները՝ Ղարաբաղի հետ չունենալով ցամաքային սահման, ուրեմն միջանցքը պիտի տրվի:
Միջանցքը պիտի տրվի, քանի որ այդպիսին է Ռուսաստանի եւ Ադրբեջանի կամքը: Եթե չես տալիս, պատրա՛ստ եղիր այսպիսի գործողությունների: Եթե ունես ռեսուրս՝ դիմակայելու ռուս-ադրբեջանական խաղի կոշտ կանոններին, ավելի լավ, դիմակայի՛ր: Բայց դու ղարաբաղցիների անվտանգության երաշխավոր չես, երաշխավորը մի քանի օր չէր կարողանում բացել ճանապարհը, էլ չեմ ասում, որ երաշխավորն ընդհանրապես իշխանություն չունի ադրբեջանցիներին ասելու՝ միացրե՛ք գազը կամ անջատե՛ք գազը: Երբ ուզեն, կմիացնեն, երբ ուզեն, կանջատեն:
Հայաստանը պետք է ընտրություն կատարի Ղարաբաղի լինել-չլինելու իր դերի մեջ: Լինելու դեպքում ինքը Մեղրիի միջանցք տրամադրելու որոշում է կայացնում, չլինելու դեպքում Հայաստանը պահպանում է Մեղրին:
Հ.Գ. Այստեղ իմ տեսակետը չկա: Այստեղ մեզ առաջարկված ընտրությունն է ընթերցողի համար հատուկ խտացված գույներով:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: