Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է փակ պահել Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, անջատել էր Հայաստան–Արցախ գազատարը՝ ստեղծելով հումանիտար աղետ: Այդ ամենն Ադրբեջանն անում է բնապահպանական օրակարգով: Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները համոզված են, որ Ադրբեջանի բնապահպանական օրակարգն ընդամենը պատրվակ է եւ կեղծ, քանի որ այդ երկրում բնապահպաններին, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում։
«Չակերտավոր բնապահպանները, որ փորձում են ճանապարհ բացել դեպի Կաշեն ու մոնիտորինգի մասին են խոսում, ոչ թե բնապահպանական, այլ տնտեսական ու քաղաքական խնդիրներ լուծելու օրակարգ ունեն: Ի՞նչ է, նավթ ու գազ արդյունահանող Արբեջանում բնապահպանական խնդիրներ չկա՞ն»,- ասաց էկոիրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները. ներկայացնում են բնապահպանները» խորագրով քննարկմանը։
Եվրոպական միության Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի շրջանակում, որտեղ ներկայացված են հարեւանության 6 երկրների քաղհասարակության ներկայացուցիչները, Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հավաստմամբ, տարիներ շարունակ իրական ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչներին մատների վրա կարելի է հաշվել: Հիմնական մասնակիցները իշխանության գործակալներն են, որոնք մշտապես շրջանառում են իշխանական թեզերը:
Ֆորումը հինգ աշխատանքային խումբ ունի, որոնք տարբեր ձեւաչափերով հանդիպումներ են ունենում: Ինգա Զարաֆյանն այդ միջոցառումներին մասնակցում է 2013-ից: Նա չի հիշում մի դեպք, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց երկրի որեւէ բնապահպանական լուրջ խնդիր բարձրացնեն կամ գոնե արձագանքեն Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ միջազգային դիտորդական կազմակերպությունների ճնշումների մասին զեկույցներին ու ելույթներին: Հատ ու կենտ դեպքերում արտահայտվել են այն մարդիկ, որոնք այլեւս Ադրբեջանում չեն բնակվում:
Ամենաթարմ օրինակը եղել է օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-7-ը Պրահայում տեղի ունեցած ֆորումի 2022 թվականի համաժողովից հետո: Ամեն տարի տեղի է ունենում ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողով, որին մասնակցում են պատվիրակներ Եվրոպական միության (ԵՄ) հարեւանության 6 երկրներից, ինչպես նաեւ ԵՄ տարբեր կառույցների պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:
«Իրական քաղհասարակության հազվագյուտ անդամների մի մասը կա՛մ արդեն Ադրբեջանում չեն, կա՛մ էլ հետապնդվելու վախից բերանները ֆորումում չեն բացում Ալիեւի հասցեին: Այս տարի այդ մի քանիսի թվում էր ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Բախտիար Հաջիեւը, որին Ալիեւի ռեժիմը երկար ժամանակ հետապնդում է: Պրահայից վերադառնալուց հետո Հաջիեւին ձերբակալել են խուլիգանության մեղադրանքով: Մեղադրանքի մանրամասները անհավատալիության աստիճանի անհեթեթ են: Ու մեկ էլ հոպ, բնապահպանական ակտիվիստներ Լաչինի միջանցքում»,- այս մասին սոցիալական ցանցում գրառում է արել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԱլԳ ՔՀՖ հայաստանյան պատվիրակ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային ու տարածաշրջանային մակարդակով բազում այլ հանդիպումների եւ աշխատաժողովների են մասնակցել, հանդիպել Ադրբեջանի քաղհասարակության այն ներկայացուցիչների հետ, որոնք իրոք զբաղվում են երկրի բնապահպանական ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, սակայն ճնշումների ենթարկվելու պատճառով հարկադրված լքել են երկիրը:
«Միջազգային Publish What You Pay նախաձեռնության շրջանակում հանդիպմանը ադրբեջանցի ակտիվիստները, որոնք նավթի եւ գազի արդյունահանման ճյուղերի խնդիրների մասին են բարձրաձայնում, պատմեցին, որ իրենց հաշիվներն են փակվել, իրենց նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են գործադրվել: Բոլոր հինգ ակտիվիստներն էլ ստիպված դուրս են եկել երկրից,- հիշում է Ինգա Զարաֆյանը:- Ինչ վերաբերում է նրանց, որոնք մնում են, Կառավարության վերահսկողության տակ են աշխատում, նրանց բոլոր ֆինանսական հոսքերը, դրամաշնորհները, գործունեությունը վերահսկվում են»:
Publish What You Pay միջազգային նախաձեռնությունն աշխարհի 100 երկրներում աշխատում է հանքարդյունաբերական թափանցիկության սկզբունքների ամրապնդման ուղղությամբ, վեր հանում մարդու իրավունքների ոտնահարման հարցերը, պաշտպանում խնդիրները բարձրաձայնողներին:
2017-ին՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան մեծ ժողովին, բանկի տնօրենների հետ քաղհասարակության հանդիպումներին, քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում ձերբակալված լրագրողների եւ իրավապաշտպանների անուններով շապիկներ են հագել: Այդ ակցիային, սակայն, ադրբեջանցիները չեն մասնակցել:
Վառ օրինակ է նաեւ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալու գործընթացը: Հայաստանն անդամակցում է նախաձեռնությանը, առաջատար դիրքեր է զբաղեցնում, Կառավարության ներքո աշխատանքային խումբ է ձեւավորված, որտեղ քաղհասարակությունն ունի նույն իրավունքները, ինչ Կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչները: Մինչդեռ նույն 2017 թվականին, երբ Ադրբեջանը եւս ցանկանում էր անդամակցել կառույցին, անդամակցության գործընթացը կասեցվել է քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների փաստի պատճառով:
Ադրբեջանը ճնշել է նաեւ հարեւան երկրների բնապահպանական շարժումները, երբ բնապահպան ակտիվիստները բարձրաձայնել են շրջակա միջավայրին Ադրբեջանի հասցրած վնասների մասին:
Վրաստանի Բորժոմ-Խարագաուլիի ազգային պարկի տարածքով նավթամուղի անցկացման ժամանակ էլ, երբ Վրաստանի հասարակական կազմակերպությունները մի քանի անգամ բարձրացրել են հարցը, որ նավթամուղը Բորժոմիի տարածքով անցկացնելու դեպքում ազգային պարկը վնասներ կարող էր կրել, Ադրբեջանը մեծ ճնշումներ է կիրառել՝ զսպելու հասարակական շարժումները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։