Իրանն այսօր հեռավար բանակցել է Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ՝ քննարկելու համար ԱՄՆ հնարավոր վերադարձը 2015-ի միջուկային համաձայնագրին։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը այս քայլը դրական զարգացում է անվանել՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխադարձ քայլեր ձեռնարկել տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները վերականգնելու համար։
Համաձայնություն է ձեռք բերվել, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին Վիեննայում բանակցություններ անցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Կողմերն այդ հարցը կքննարկեն միջնորդավորված։
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ նշվում է, որ Եվրամիությունն այժմ պատժամիջոցների աստիճանական չեղարկման ցանկ է կազմում՝ ակնկարկելով, որ միաժամանակ Իրանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները։
Իրանի եւ «Վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջեւ ստորագրված համաձայնագրով Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային ծրագիրը՝ արեւմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից եւ վերականգնել պատժամիջոցները Իրանի դեմ։