ԱԺ-ն դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ` 60 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Եթե օրինագիծն ընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ, Հայաստանում մեքենաների վաճառքից վճարումները կգանձվեն անմիջապես՝ գործարքի պահին, այլ ոչ թե մեկ տարի անց։ Եկամտային հարկի փոխարեն էլ կսահմանվի պետական տուրք (150 դրամ մեկ ձիաուժի համար՝ անկախ մեքենայի արժեքից), եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:
Նախագիծը ներկայացնելիս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ գործող օրենքով եթե վաճառքի պահից անցել է 365 օրից ավելի, եկամտահարկը վաճառքի արժեքի 1 տոկոսով պակաս է գանձվում (բայց ոչ պակաս, քանի 150 դրամ մեկ ձիաուժի համար)։ Մինչդեռ, ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, գործնականում մեքենաների վաճառողները խուսափում են վճարումից։ Նման մոտեցման դեպքում բարեխիղճ վճարողները հայտնվում են անհավասար պայմաններում։