Երեւանում «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակում անցկացվեց համանուն խորագրով համաժողով։
«Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագիրն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը կանանց հզորացման, կանանց եւ աղջիկների իրավունքները պաշտպանող եւ բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով։
«Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի ղեկավար, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը կարեւորեց մեր երկրում հաշմանդամություն ունեցող կանանց իրազեկվածության բարձրացումը։ Ցավոք, հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները, իրենց սեռով եւ հաշմանդամությամբ պայմանավորված, կրկնակի խոցելի են եւ առավել հաճախ են ենթարկվում խտրականության, բռնության եւ շահագործման, քան հաշմանդամություն չունեցող կանայք ու տղամարդիկ։ Ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները բռնության են ենթարկվում նաեւ իրենց ընտանիքներում։ 2021 թվականի հունիսի վիճակագրական տվյալներով Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 92 000 կին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Երեւանում եւ մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2022 թվականի համար հատկացվել է շուրջ 62 մլն դրամ։ Բռնության ենթարկվելու դեպքում հաշմանդամություն ունեցող կանայք կարող են դիմել այս կենտրոններ։
Հաշմանդամություն ունեցող կանանցից ոմանք տեղաշարժվելու խնդիր ունեն, եւ նրանց համար մարդկանց հետ շփվելու միակ միջավայրը համացանցն է։
«Վերջերս մեր շահառուները տեղեկացրին ցավալի միջադեպերի մասին։ Նրանք համացանցի միջոցով խոսել էին տղամարդկանց հետ, հետո նրանց ինչ-որ նկարներ էին ուղարկել, եւ տղամարդիկ շանտաժ էին արել նկարների միջոցով։ Այդ կանայք նաեւ իրենց ընտանիքներում էին բռնության ենթարկվել։ Մի՛ լռեք, ահազանգե՛ք, երբ բռնության եք ենթարկվում։ Դուք արժանապատիվ ապրելու իրավունք ունեք»,- ասաց Կարինե Գրիգորյանը։
Բռնությունը կարող է լինել ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական։ Հաշմանդամություն ունեցող կանանցից շատերը բռնության ենթարկվելիս հեռախոս չունենալու պատճառով ահազանգելու հնարավորություն չեն ունենում։ Այս պարագայում կարեւոր է հասարակության պատասխանատվությունը՝ չլինել անտարբեր, այսինքն՝ երբ քաղաքացին տեսնում է՝ ինչ-որ մեկին բռնության են ենթարկում, նա պիտի շտապ ահազանգի ոստիկանություն։ Վերջերս «Ագաթ» ՀԿ-ն տեղեկացել է մի միջադեպի մասին․ բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կինը դժվարությամբ փախել էր տնից եւ մոտակա դեղատնից հեռախոս էր խնդրել ու զանգահարել ոստիկանություն։
«Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանն ընդգծեց՝ փակ հաստատություններում գտնվող մարդիկ եւս հաճախ են բռնության ենթարկվում։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներն է՛լ ավելի հաճախ են բռնության զոհ դառնում։ Ցավով տեղեկացանք, որ Վարդենիսի հոգեբուժարանում ծեծել էին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կանանց։ Գիշերօթիկներում եւս բռնությունը սարսափելի թվերի է հասնում»,- ասաց Կարինե Գրիգորրյանը՝ ընդգծելով՝ բռնությունը հնարավոր է կանխել ինքնապաշտպանվելով, պատկան մարմիններին կատարվածի մասին հնարավորինս արագ հայտնելով։
Եթե բռնության ենթարկվողը լռի, պարբերաբար բռնության զոհ է դառնալու։ Կան կառույցներ, այդ թվում՝ «Ագաթ» ՀԿ-ն, որ պատրաստ են աջակցելու բռնության ենթարկված կանանց, որոնք պետք է իմանան՝ միայնակ չեն, ապա վստահորեն ահազանգեն բռնության մասին, որպեսզի բռնարարը պատժվի։
«Ագաթ» ՀԿ-ն նոր նախաձեռնություններ է մշակում։ Առաջարկները կներկայացվեն պատկան մարմիններին, այդ թվում՝ ոստիկանությանը։ «Մենք առաջարկում ենք, որ բռնության դեպքերը հաշվառելիս անպայման նշեն, թե բռնության ենթարկվածն ինչ տեսակի հաշմանդամություն ունի, որպեսզի հետագայում բռնության դեմ պայքարելիս հնարավոր լինի հստակ պատկերացնել՝ ովքեր են առավել խոցելի, ապա մեթոդներ մշակել բռնության դեմ է՛լ ավելի արդյունավետ պայքարելու համար»,- ասաց Կարինե Գրիգորյանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը նշեց՝ հաշմանդամություն ունեցող աղջիկների, երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ հաճախակի են ահազանգեր ստանում։ «Մի ցավալի փաստ կա․ երբ ահազանգ ենք ստանում հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից, նրանք հիմնականում նշում են՝ երեխան կրթություն ստանալու իրավունքն իրացնելիս է խնդիրների բախվել։ Խորքային ուսումնասիրություններից հետո ենք միայն պարզում, որ կրթություն ստանալու իրավունքի իրացումից զատ երեխան նաեւ հաշմանդամության հիմքով է խտրական վերաբերմունքի բախվել, կամ նրա նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել»։
Մարդու իրավունքների գրասենյակն ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ։ «Արձանագրվել են դեպքեր, երբ բռնությունը դպրոցներում կարողացել ենք կանխել ոստիկանության արագ արձագանքման շնորհիվ»,- ասաց Մոնիկա Սարգսյանը։
ՄԻՊ-ի գրասենյակը պարզել է՝ կան հաստատություններ, որոնք հաշմանդամություն ունեցողներին չեն տրամադրում նրանց հասանելիք խնամքի պարագաները, որոնք պետությունը կամ բարեգործական կազմակերպություններն են հատկացրել։
Արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող կանայք է՛լ ավելի խոցելի են դառնում։ 2022 թվականի 44-օրյա պատերազմի, սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների եւ վերջին օրերին Լաչինի միջանցքի փակվելու առնչությամբ մշտադիտարկումներ են արվել․ հաշմանդամություն ունեցող կանայք բազմաթիվ խնդիրների են բախվում։ Օրինակ՝ ապաստարաններում մատչելիության խնդիր կա, ուստի հաշմանդամություն ունեցող կանայք չեն կարողանում ապաստարաններ գնալ։ Նրանք նաեւ տարհանման մեխանիզմներից չեն կարողանում օգտվել։
Մեր երկրում վիճակագրական տվյալներ չկան հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների, նրանց հանդիպող խոչընդոտների վերաբերյալ, մինչդեռ պետությունը պետք է կատարի իր կոնվենցիոն պարտավորությունները հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ հավաքագրի նրանց կարիքները։ ՄԻՊ-ն արդեն բարձրաձայնել է այս խնդրի մասին։ Կառավարությունից վստահեցրել են՝ արդեն մշակվում են ընթացակարգեր, կա էլեկտրոնային հարթակի ներդրման գաղափար։ Այսուամենայնիվ, ՄԻՊ-ի գրասենյակում ոգեւորված չեն այս գաղափարով, քանի որ միջգերատեսչական մարմինները պետք է տրամադրեն վիճակագրական տվյալներ, իսկ այդ մարմինների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցություն չկա, հետեւաբար տվյալների փոխանակման հարցում հաճախ խնդիրներ են լինում։
Արձանագրվել են դեպքեր, երբ մի գերատեսչական մարմինը մյուսից չի կարողացել տվյալներ ստանալ, ուստի դիմել են ՄԻՊ-ի գրասենյակին։ «Միջգերատեսչական մարմինների միջեւ արդյունավետ համագործակցություն չկա․ այս խնդիրը պետք է լուծվի, այլապես կունենանք այս կամ այն իրավունքի միայն ֆորմալ ապահովում»,- եզրափակեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։