ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Ղրիմում ռազմական գործողություններ ծրագրելու եւ իրականացնելու Ուկրաինայի իրավունքը, քանի որ թերակղզին համարում է ուկրաինական տարածք։
«Ղրիմն Ուկրաինա է, եւ ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու՝ իրենց երկրի ներսում որտեղ գործողություններ ծավալեն, ինչպես, ինչ տեմպերով, ինչ մասշտաբով եւ ինչ ժամկետներում»,- շեշտել է Քիրբին:
Նա հրաժարվել է NBC-ի հաղորդումը մեկնաբանելուց, ըստ որի՝ ԱՄՆ վարչակազմն ընդունում է, որ ուկրաինական կողմը Ղրիմը հետ վերցնելու համար ռազմական հնարավորություններ ունի, սակայն կարծում է, որ նման փորձերը հղի են միջուկային սպառնալիքով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան կարծիքով Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու ժամանակը դեռ չի եկել։