ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքը գնահատելու եւ հետագա աշխատանքի հստակ ուղղությունները նախանշելու համար:
Լավրովը հայտնել է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարեւոր էր ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների միջեւ համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը՝ հիշեցնելով, որ այս եռամյա ծրագիրն ընդունվել էր նախորդ տարի՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի այսօրվա նիստում պայմանավորվել են տարբեր բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ այլուր քայլերը կոորդինացնելու մասին, նաեւ՝ հաստատել հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը: