Ըստ ուկրաինական 24tv.ua-ի՝ համացանցում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը, որը նախատեսված էր դեկտեմբերի 18-ին Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին ցուցադրվելու համար։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տեսաուղերձի պատճենն ուղարկել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի շտաբ բնակարան՝ տեսահոլովակը Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումից առաջ Կատարի «Լուսաիլ Այկոնիկ» մարզադաշտի գլխավոր էկրանին ցուցադրելու խնդրանքով։ Սակայն ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը։
Զելենսկու տեսաուղերձն ակտիվորեն տարածում են ուկրաինացի մարզիկները եւ մարզաշխարհի պաշտոնյաները։ Ուկրաինական պետության ղեկավարի տեսաուղերձում ասվում է, թե աշխարհի առաջնությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներ եւ ժողովուրդներ կարող են որոշել՝ արդար խաղում իրենցից ով է ամենաուժեղը կանաչ մարզադաշտում, ոչ թե ռազմադաշտում։
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան առաջարկել է «խաղաղության բանաձեւը», քանի որ պատերազմում չի կարող ոչ-ոքի արդյունք լինել։ Զելենսկին հայտարարել է այս ձմռանը համաշխարհային գագաթնաժողովի անցկացման նախաձեռնության մասին։
«Ես հայտարարում եմ այս ձմռանը Global Peace Formula Summit անցկացնելու նախաձեռնության մասին, որպեսզի աշխարհի բոլոր ազգերը ձգտեն խաղաղության։ Ֆուտբոլային հանդիպումներից հետո մարզադաշտերը դատարկվում են, մինչդեռ պատերազմի ավարտից հետո ամայանում են քաղաքները։ Հետեւաբար պատերազմը պետք է տանուլ տա, իսկ խաղաղությունը՝ չեմպիոն դառանա։ Խնդրում եմ աջակցել Ուկրաինային խաղաղություն վերադարձնելու մեր ձգտմանը։ Միացե՛ք Global Peace Formula Summit-ին եւ սատարե՛ք խաղաղությանը։ Եկե՛ք միասին դիտենք ֆուտբոլի այս առաջնությունը եւ այս պատերազմի ավարտը»,- տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։