«Ձմեռը կարդալու լավագույն ժամանակն է, նստում ես տաք վառարանի մոտ ու մոռանում ժամանակի մասին»: Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը «Դարան» գրախանութում ընթերցողներին խորհուրդ էր տալիս ձեռք բերել Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն ու Նարեկ Թոփուզյանի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն։ «Գրանիշ» հրատարակչության այս տարի լույս ընծայած գրքերը գրախանութն առաջարկում էր գնել 20 տոկոս զեղչով։
«Անտարես» հրատարակչությունն ու «Դարան»-ը հինգերորդ անգամ են կազմակերպում տարեմուտի ավանդական մեծ գրավաճառք, որի ընթացքում տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ սիրված հեղինակների ու թարգմանիչների հետ։ Ճանաչված մարդկանց խորհրդատվությունն օգնում է ճիշտ կատարելու գրքերի ընտրությունը։ Ընտրված գրքերը հնարավոր է ձեռք բերել 20-80% կամ այլ կերպ ասած «արքոյական» զեղչով. մտահղացումը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանինն է եղել, հիմնականում նա էլ մասնակցում է գրքերի զեղչման գործընթացներին։
«Սիրված միջոցառում է, մարդիկ կան, որոնք ամբողջ տարվա ընթացքում գումար են հավաքում, որ այդ օրերին գրքերը մեծ զեղչերով գնեն։ Սա հրաշալի հնարավորություն է համալրելու սեփական գրադարանները նոր լույս տեսած գրքերով եւ ոչ միայն։ Բացառիկ առիթ է այն մարդկանց համար, որոնք սիրում են գիրք, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս, որ նախընտրած գրքերն ունենան»: Գրականագետն ասում է՝ դպրոցական, բուհական, մարզային գրադարանները հաճախ օգտագործում են այս առիթը՝ համալրելու իրենց գրադարանները։
Անցած տարի միայն «Դարան» գրախանութում 2000-ից ավելի գիրք են վաճառել, այս տարի թվերը դեռ չեն ամփոփել, բայց ասում են՝ ընթերցողի պակաս չեն ունեցել։ Նոր գրքերի հետ այցելուներին նաեւ սիրված մատենաշարերին են ծանոթացնում: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այս տարվա վաճառքից դժգոհ չէ, որոշ գրքեր նույնիսկ մի քանի անգամ են վերահրատարակել, նոր մատենաշարերով ներկայացրել։
Դրսի հրատարակիչների հետ համագործակցության մեծ փորձ ունեցող «Անտարես»-ը վերջին երկու տարում մոտ 18 երկրում 23 հայ ժամանակակից գրողի գիրք է հրատարակել։ Խմբագիրը շեշտում է Հովիկ Աֆյանի «Կարմիրը», որը լույս տեսավ Ավստրալիայում, Գուրգեն Խանջյանի, Հրաչ Սարիբեկյանի վեպերը ալբաներեն, ռումիներեն թարգմանվեցին, պրոցեսները շարունակվում են։
Մանկագիր, թարգմանիչ Նունե Թորոսյանը երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, խորհուրդ տալիս ո՛ր գրքերը գնել եւ ինչու հատկապես դրա՛նց առաջնահերթությունը տալ։ Նունե Թորոսյանը չորս տասնամյակից ավելի է, ինչ մանկական գրականություն է թարգմանում, «Անտարես»-ի հետ համագործակցում է 9 տարի. «Մեծերս ինչ որ կանք, արդեն կանք, մեզ փոխելը դժվար է, այդ պատճառով մանկական գրականություն եմ թարգմանում։ Երեխաների՝ որպես մարդ, անհատ կայացման հարցում գրքերը մեծ դեր են խաղում, երեւակայությունն ու միտքն են սրում, իսկ գրքերի ճիշտ պատկերազարդումը նաեւ ճաշակ է ձեւավորում»։ Ըստ նրա՝ մանկական գրականություն ընտրելիս ծնողները պետք է զգուշավոր լինեն. «Այսօր յուրաքանչյուրը, ով փող ունի, կարող է գիրք գրել, հրատարակել, բայց երեխաներին պետք է հրամցնել միայն լավ գրքեր, որպեսզի մտածողություն ձեւավորվի»։
«Անտարես» հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապատանեկան գրականությանը, «Դարան»-ում մեծ թվով պատկերազարդ, ինտերակտիվ գրքեր կան։
«Ցանկանում եք, օրինակ, երաժշտական գրքեր, «Մարդուկ-ջարդուկը», «Կարապի լիճը» հեքիաթները՝ Չայկովսկու մեղեդիներով, լավագույն ընտրությունն են, գիրքը փաստորեն մերձեցնում է երեխաներին նաեւ դասական երաժշտությանը»,- Նունե Թորոսյանն ասում է, որ սրանք պահանջվածներից են, շուտով լույս կտեսնի նաեւ նոր տպաքանակը:
Մանկագիրը պատանիներին խորհուրդ է տալիս ընթերցել «Էվրիկա» շարքի գրքերը, որոնք պատմում են աշխարհը փոխած մարդկանց մասին։ Պատմությունները գրված են ոչ դասագրքային լեզվով եւ համեմված են հետաքրքիր ու զվարճալի փաստերով։ Ծնողներին խորհուրդ է տալիս ձեռք բերել երիտասարդ գրող Թոմ Ֆլեթչերի «Տոնազավր» գիրքը, որի թարգմանության առաջարկը իրենն է եղել։
Զավեն Բոյաջյանը, որ տասնյակ գրքեր է թարգմանել ու խմբագրել, ընթերցողին թարգմանական վերջին նորույթներն է ներկայացնում. «Սարոյանի նկատմամբ կայուն հետաքրքրություն կա, ի վերջո բոլոր հեղինակներն էլ գտնում են գնորդներին։ Գրատոնը ընթերցողին ճանաչելու լավ առիթ է։ Մի քանի հարց, եւ գրող-ընթերցող զրույցն աննկատ վերածվում է դասախոսության»։
Ի դեպ, «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ի շրջանակում «Անտարես»-ը ճանաչվել է տարվա լավագույն հրատարակչությունը։ Տարեկան 200-250 անուն գիրք է հրատարակում, տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ թիվը կնվազեցնեն. «Հայաստանն աշխարհում այն պետություններից է, որ գրադարանների վրա ուշադրություն չի դարձնում, 3000 գրադարանից մնացել է մոտ 50-ը, իսկ աշխարհում հրատարակչի առաջին մեծ տպաքանակը, որպես կանոն, գնում է գրադարաններին։ Սա է խնդիրը»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։