ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը:
«Գործընկերներիս հետ նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փալոնը:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը: