Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը:
Միայն միջազգային հանրության ակտիվ միջամտության եւ Ադրբեջանի վրա ճնշման արդյունքում գազի մատակարարումները Արցախում վերականգնվեցին, մինչդեռ ճանապարհը մնում է փակված:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում է.
- ակտիվացնել Հայաստանի արեւմտյան գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքը՝ հորդորելով անհրաժեշտ ճնշումը գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու, Արցախում վերահաս հումանիտար աղետը կանխելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ.
- հարց բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախում տեղակայված ռուսական զորքերը ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵՄ կամ ԵԱՀԿ խաղաղապահներով փոխարինելու վերաբերյալ.
- գործուն եւ ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ.
- ակտիվացնել բանակցությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ ՀՀ բարեկամ այլ երկրների հետ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ծավալման ուղղությամբ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵՄ եւ ԱլԳ ժողովրդավար երկրներին եւ նրանց քաղաքացիական հասարակություններին շարունակելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ դրանցում քաղաքացիական հասարակության անվան ներքո իր որոշ քաղաքացիների ներքաշման դատապարտման արշավը:
«Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառելու ալիեւյան դիկտատորական ռեժիմի նկատմամբ, խզելու դրա հետ բոլոր կապերը, դադարեցնելու դրա ֆինանսավորումը, ինչպես նաեւ վերականգնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»,- ասված է հայտարարությունում: