Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի եւ բժշկական պարագաների պակաս այս պահին չկա։ Դեղորայքի եւ բժշկական պարագաների մատակարարումը շարունակում է մնալ անհնարին։
«Այժմ «Հանրապետական բժշկական կենտրոնի» ռեանիմացիոն բաժանմունքում 11 բուժառու կա, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ «Արեւիկ բուժմիավորման» ռեանիմացիոն բաժանմունքում էլ 10 երեխա կա, նրանցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնել են նաեւ, որ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատություններ դեռ չեն արվում։
Թարմացում
Դեկտեմբերի 19-ին ավելի ուշ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող եւ սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող հիվանդներից մեկին տեղափոխող շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է Լաչինի՝արդեն 8 օր փակ միջանցքով եւ մեկնել է Գորիս։ Հիվանդը Երեւանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենայով կտեղափոխվի մայրաքաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։