Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա նաեւ 1 փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները՝ վերջնարդյունքում գլխավերեւում պահելով 215 կգ կշռող ծանրաձողը։
Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը եւ կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։
Միջազգային մրցումներում գերծանր քաշային կարգում իր նորամուտն է նշել նաեւ օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ 425 կգ (190+235)։